«Թիրախավորվում են արցախցիները՝ հստակ քաղաքական հրահանգով»․ ընդդիմադիր գործիչներն այցելել են պարեկների կողմից բռնության ենթարկված Արամ Երիցյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Արթուր Խաչատրյանը այցելել են երեկ պարեկների կողմից բռնության ենթարկված Արամ Երիցյանին։ Այդ մասին հայտնել է Գառնիկ Դանիելյանը։
«Քիչ առաջ իմ գործընկեր Արթուր Խաչատրյանի հետ դուրս եկանք ՁՊՎ-ից, որտեղ այցելեցինք պարեկների կողմից անմարդկային ծեծի ենթարկված Արամ Երիցյանին։
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբորը 10 պարեկներով ծեծի էին ենթարկել՝ իբր մեքենան չնախատեսված վայրում կայանելու համար։
Երեկ միայն պատգամավոր գործընկերներիս հետ միջամտելուց հետո փաստաբաններին թույլ տրվեց այցելել Արամ Երիցյանին։
Գործ ունենք բռնատիրական ռեժիմի հետ, որն ամեն օր կոպտորեն խախտում է մարդու իրավունքները։
Թիրախավորվում են արցախցիները՝ հստակ քաղաքական հրահանգով։ Վիրավորում են մեր հայրենակիցների արժանապատվությունը՝ դրդելով արտագաղթի։
Գործընկերներիս հետ հետամուտ ենք լինելու, որպեսզի ոստիկանության բռնություններից տուժած մեր հայրենակցի իրավունքները հնարավորինս լինեն պաշտպանված»։