ԵՄ նախարարների խորհուրդը Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու վերաբերյալ որոշումը կկայացնի հուլիսի 22-ին. Եղոյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու, ինչպես նաև`Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցերը ներառվել են Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի (նախարարների խորհրդի) հուլիսի 22֊ի նիստի օրակարգում։
Այս մասին գրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
«Այս երկու հարցերի վերաբերյալ որոշումները համապատասխանաբար կկայացվեն այդ օրը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելից «Ազատության» դիվանագիտական աղբյուրները փոխանցել էին, որ տարիներ տևած բանակցություններից հետո այսօր Եվրամիությունը անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով ի վերջո հավանություն տվեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկին։