Ուժային կառույցները խիստ են լինելու. չեն խնայելու անգամ Սրբազանին. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուժային կառույցները խիստ են պատրաստվել, ու անգամ ներքին քննարկում է եղել, որ շատ ավելի խիստ են լինելու։ Բանն այն է, որ այսօր ԱԺ է գնալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ու, բացի այդ էլ, Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ հունիսի 12-ը կարեւոր «հանգրվան» է լինելու։
Արդյունքում՝ իրավապահ համակարգը լուրջ է տրամադրվել, թե ներում-բեկում չի լինելու, ու անգամ չեն խնայելու Սրբազանին։
Հիշեցնենք, որ հունիսի 9-ից ընդդիմադիր՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները շարունակում են գիշերել Բաղրամյան պողոտայում։
«Վրանային ավանը մնալու է այստեղ, բայց, բնականաբար, ոչ ամիսներով», – հարթակից հայտարարել էր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Մեր ասած 96 ժամի մեջ կսահմանափակվենք», – նշել էր նա՝ հավելելով, որ հունիսի 12-ը կարեւոր հանգրվան է լինելու։
«Այսօր ո՛չ քայլելու ենք, ո՛չ երթ ենք անելու. պատրաստվում ենք հունիսի 12 ին»»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: