Տավուշի մարզի Կիրանց գյուղից դեպի Վրաստանի սահման նոր, այլընտրանքային ճանապարհի շինարարությունը, որն անցնելու է Աճարկուտ գյուղով, շարունակվում է։
MediaHub-ն օրեր առաջ ներկայացրել է գյուղի բնակիչների ահազանգը. ճանապարհը կառուցելու համար առանց տեղեկացնելու քանդում են մարդկանց գույքը։
«Աճարկուտում չեմ եղել, ինձ ասել են, որ մեր այգու պատերն են քանդել, վերադարձել եմ գյուղ ու կանխել։ Իսկ պատասխանատուները պատճառաբանում են, թե «ճանապարհը բոլորիս համար է»։ Գուցե դեմ չլինեի, եթե վերջինը չիմանայի, գոնե տեղյակ պահեին, բայց առանց իմ իմանալու ո՞նց են քանդում սեփականության իրավունքով ինձ պատկանող գույքը»,- մեզ հետ զրույցում ասաց աճարկուտցի Կարեն Ղազարյանը՝ նշելով, որ իր դժգոհությունը հայտնելու ժամանակ գյուղապետը ոստիկանություն է կանչել։
«Հերիք չէ, առանց զգուշացնելու քանդում են մարդկանց գույքը, մի հատ էլ իրենք են ոստիկանություն հրավիրում»,- վրդովվում է նա։
Մեր զրուցակիցը նշեց, որ ադրբեջանական զորքը բավականին մոտեցել է Կիրանց-Աճարկուտ հատվածին։ Գյուղից տեսանելի են թշնամու զորքը, զինտեխնիկան ու դրոշը։
«Հունիսի 24-ից հետո այլ պատկեր ենք ունենալու, երբ ադրբեջանցիները հայտնվեն Կիրանցում։ Բնակելի հատվածից ու դպրոցից մի քանի քայլ հեռավորության վրա են կանգնելու։ Ասում են՝ «այլընտրանքային ճանապարհ», դա ևս իրենց հսկողության տակ է առնվելու, քանի որ ընդամենը 100 մետր հեռավորության վրա են կանգնած լինելու։ Ստացվում է` մեր մեքենաները ստիպված կանցնեն Ադրբեջանի դրոշի տակով»,- ասաց նա։
Սահմանամերձ այս բնակավայրերում մարդիկ չեն պատկերացնում ադրբեջանցիների հետ կողք-կողքի ապրելը։ Իշխանական թևը մեջբերում է Շուռնուխի օրինակը, իսկ այստեղ հակադարձում են.
«Հենց ադրբեջանցիների ներկայության պատճառով է, որ նորակառույց տները դատարկ են, ոչ մեկ այնտեղ չի ցանկանում ապրել»:
Հունան Թադևոսյան