Աղետի գոտում գույքագրման աշխատանքներն 90 տոկոսով ավարտվել են. Լոռու մարզպետարան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՋրամատակարարումը մեկ կետից վերականգնվել է Քարկոփ համայնքում, Սանահին կայարանի թաղամասում այս պահին ջրագիծ է անցկացվում։ Աղետի գոտում գույքագրման աշխատանքներն 90 տոկոսով ավարտվել են։ Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, հայտարարվել է պատասխանատու կառույցների ներկայացուցիչների, աշխատակազմի մասնակցությամբ Ալավերդու համայնքապետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ։
Ներկայացվել են հեղեղումներից տուժած բնակավայրերում ակտիվորեն իրականացվող ենթակառուցվածքների վերականգնման լայնածավալ աշխատանքները: էներգամատակարարման և գազամատակարարման վերականգնողական աշխատանքները ևս ընթացքի մեջ են։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը խմելու ջրի մշտադիտարկում և վերահսկողություն է կատարում։ Աղետի գոտում ՀՎԿԱԿ-ի մասնագետները շարունակում են նաև հողից և անկած կենդանիներից նմուշառումներ կատարել, համապատասխան միջոցներ ձեռնարկել, տեղում իրականացրել իրազեկում:
Շարունակվում են հետիոտնային և ժամանակավոր կամուրջների տեղադրման աշխատանքները:
Հումանիտար օգնության բաշխումը ամենօրյա ռեժիմով շարունակվում է։