Նիկոլ Փաշինյանի մեջ խորանում են վախերը պետական համակարգից
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸնդդիմադիր շարժման ծավալմանը զուգահեռ Նիկոլ Փաշինյանի մեջ խորանում են վախերը և, հատկապես, պետական համակարգից։ Այս պահին Փաշինյանը մտածում է, որ հիմնական հարվածը, որ կարող է սպասել իրեն հենց ներսից է լինելու, ուստի հանձնարարել է Ազգային անվտանգության ծառայությանը և «Քաղպայմանագրի» վարչությանը համապատասխան ցուցակներ կազմել, թե ովքե՞ր կարող են պոտենցիալ անցնել ընդդիմության կողմը։
2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանը նախկին իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչների թողել էր պետական համակարգում իրենց պաշտոններին, կամ նոր պաշտոնների նշանակել։ Շատերին էլ պաշտոնների է նշանակել հետագայում, առանձնապես վստահ չլինելով նրանց հավատարմության մեջ, բայց իրավիճակով պայմանավորված այլ համապատասխան մասնագետ պարզապես չէր ունեցել։
Այսօր գրեթե վստահ է, որ պետական համակարգի այդ հատվածը կարող է անցնել ընդդիմադիր շարժման կողքը, եթե զգա, որ Փաշինյանի դիրքերը երերում են, իսկ այդպիսի նշաններ պետական համակարգում վաղուց են զգում, ուստի և հանձնարարվել է իրավապահ մարմիններին և ՔՊ վարչությանը համապատասխան ցուցակներ կազմել, պարզել, թե ինչպես կարող են ազդել անհուսալիների վրա, որին աշխատանքից հեռացնելու, որին էլ քրեական գործերով ճնշելու ձևով։
Մի շարք նախարարություններից մեզ հետ զրույցում հայտնել են, որ վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում մթնոլորտն անասելի սրվել է, իսկ ՔՊ-ական պաշտոնյանները չափազանց կասկածամիտ են դարձել։
Վաչե Իսրայելյան