Փաշինյանը նեոբոլշևիկ է, և այդպիսի իշխանությունները ազգային շարժումը կոչում են կղերաֆեոդալական. Արմեն Աշոտյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎեհափառի առաջ մուտք փակողը՝ քրիստոնեությունից կիլոմետրերով հեռու է: Այս մասին դատական նիստերի դահլիճում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Որքան էլ զարհուրելի է, բայց պետք է իմանալ՝ քրիստոնեությունը հալածանքներից ուժեղանում է և հավատը հալածանքներից հզորանում է: Վեհափառի դիմաց ճանապարհ փակելով՝ Վեհափառին և Քրիստոնեական եկեղեցուն էլ ավելի մեծ արժեք տրվեց»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով Փաշինյանի կողմից «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցներին կղերաֆեոդալներ անվանելուն՝ Արմեն Աշոտյանն ասաց.
«Այդ բառակապակցությունը, որ օգտագործում է Նիկոլ Փաշինյանը, ապացուցում է, որ նա մնացել է սովետական պատմագիտության մեջ: Վերջին անգամ այդ բառակապակցությունը սովետական ժամանակաշրջանում են օգտագործել: Ակնհայտ է, որ Փաշինյանը նեոբոլշևիկ է և իրականում այդպես շարիկովանման իշխանությունները ազգային շարժումը կոչում են կղերաֆեոդալական»,- շեշտեց նա:
Խոսելով ԵՄ-ում առաջիկա ընտրությունների մասին՝ ՀՀԿ փոխնախագահն ասաց.
«Հուսով եմ, որ Եվրամիության հաջորդ իշխանությունները Հայաստանի անմեղսունակ գեոպոլիտիկ վարքից չեն օգտվի այս պահին և ավելի պատասխանատու կլինեն տարածաշրջանում»:
Արմեն Աշոտյանը կոչ արեց շարժման մասնակիցներին շարունակել պայքարն ու չհանձնվել: