ՌԴ–ն կոշտ միջոցներ է նախապատրաստում․ ի՞նչ է ասել Զախարովան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը Լեհաստանում դիվանագետների տեղաշարժը սահմանափակելու համար պատասխան միջոցներ կձեռնարկի, որպեսզի ռուսատյաց լեհական վերնախավը խիստ զղջա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մանրամասները դեռ հայտնի չեն։ Հայտարարվել է Լեհաստանի ԱԳՆ–ի նոտան՝ ընդունված որոշման մանրամասներով։ Երբ ստանանք, կուսումնասիրենք և պատասխան միջոցներ կձեռնարկենք, որպեսզի ռուսատյացության մեջ խեղդված լեհական վերնախավը խիստ զղջա հերթական հակառուսական քայլերի համար»,-հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
Ավելի վաղ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել էր, որ երկրի իշխանությունները ՌԴ դիվանագետների համար տեղաշարժի սահմանափակումներ են մտցնում: Նրա խոսքով, ՌԴ դեսպանատան դիվանագետները կկարողանան տեղաշարժվել միայն մայրաքաղաքի տարածաշրջանի ներսում: Դիվանագետն ընդգծել էր, որ միջոցառումները չեն ազդի ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևի վրա: Լեհաստանում Ռուսաստանի հյուպատոսական հիմնարկների աշխատակիցների տեղաշարժը սահմանափակված կլինի այն տարածաշրջաններով, որտեղ նրանք աշխատում են:
Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով` սահմանափակումները Լեհաստանում ՌԴ-ի «հիբրիդային գործողությունների» պատասխանն են: Սիկորսկին նշել էր, որ ԵՄ յուրաքանչյուր երկրում ազգային մակարդակով նման միջոցներ են ձեռնարկվում։