Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո Իրանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն չի լինի։ Գնահատականը նա հնչեցրել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում։
Հարցին՝ Ռայիսիի մահվանից հետո կարո՞ղ են Թեհրանի արտաքին քաղաքականության կուրսում այնպիսի փոփոխություններ լինել, որոնք կազդեն Իրանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների վրա, Լավրովը պատասխանել է․ «Ես անկեղծորեն որևէ պատճառ չեմ տեսնում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական կուրսը փոխելու թեման շահարկելու համար»։
Լավրովը հավելել է, որ ՇՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին Իրանի պատվիրակության ղեկավար Մեհդի Սաֆարին հաստատել է Իրանի հստակ շահագրգռվածությունը՝ մի շարք նախագծեր իրականացնելու տրանսպորտի, էներգետիկայի ոլորտներում։ Այդ նախագծերը համաձայնեցրել էին ՌԴ և Իրանի նախագահները։