Կրակոցներ Արարատի մարզում․ կա 1 զոհ և 1 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 16-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ոստան գյուղի գերեզմանոցներում կրակոցներ են հնչել, կա 1 զոհ և 1 վիրավոր։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները գերեզմաններում հայտնաբերել են հրազենային վնասվածքով տղամարդու դի, իսկ 1 հոգի էլ հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Ժամանել Է նաև փորձաքրեագետը։
Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում «սպանություն» և «սպանության փորձի» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում, բացի սպանվածից, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև որսորդական հրացան, կրակված պարկուճ, 1 մահակ և «ՎԱԶ-2106» ու «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ, արնանման հետքեր։