Արսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱռողջապահության նախարարության շուրջ օղակը սեղմվում է։ ԱԱԾ-ն էական չարաշահման հիմքով վարույթ է նախաձեռնել, որը վերաբերում է պետական պատվերի շրջանակներում բնակչության օգնությանն ու սպասարկմանը։ Առերևույթ չարաշահումների գործով կա ձերբակալված 4 անձ, և այս պահին ԲԿ-ներում պետպատվերով բուժումը սառեցված է։
Քննչական կոմիտեն էլ իր հերթին է մի շարք հաստատություններում ստուգումներ անում, և խնդիրն այն է, որ բոլոր դեպքերով խոսքը գնում է առանձնապես խոշոր չափերով պետությանը վնաս հասցնելու մասին, հարուցվում են քրեական վարույթներ, որոնք սովորաբար հայտվում են դատարանում։
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու և ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և այն հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Խոսքը վերաբերում է կորոնավիրուսային հիվանդության ընթացքին՝ 2020-21թթ., երբ նախարարն Արսեն Թորոսյանն էր։
Պատմությունը նմանվում է Էկոնոմիկայի նախարարության շուրջ ստեղծված կոռուպցիոն սկանդալին, որի արդյունքում պաշտոնանկ արվեցին նախարարն ու փոխնախարարը, նրանց մեղադրանք է առաջադրվել։ Այս ընթացքը լավ պատկերացնելով, գիտակցելով հնարավոր հետևանքները՝ Արսեն Թորասյանը որոշել է ջրից չոր դուրս գալու քաղաքականություն վարել, ինչն իրեն հատուկ է և հաջողվում է տարիներ շարունակ։ Բացի այդ, մի գնդակով երկու նապաստակ կխփի։ Այն, որ Թորոսյանը տևական ժամանակ է փորձում է գահընկեց անել ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանին, որևէ մեկի համար գաղտնիք չէ։
Թորոսյանը վարչապետին ամեն կերպ փորձում է հասցնել, որ Ավանեսյանի հնարավոր ազատումից հետո նախարար դարձնի ՀՀ ԱՆ Վ․ Ա Ֆանարաջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանին, ով այսօր արդեն Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։ Այսպես Թորոսյանը մեկ գնդակով երկու նապաստակ կխփի։
Նախ կիրականանա նրա վաղեմի ցանկությունը՝ Ավանեսյանը գահընկեց կարվի։ Հետո էլ ընկերը կդառնա նախարար, ինչն էլ իրեն կապահովագրի հետագայում այդ քրեական վարույթներով պատասխանատվության ենթարկվելուց։
1or.am-ի տեղեկություններով՝ Թորոսյանը որպես հիմնավորում ներկայացնում է, որ «Արմֆարմացիա» դեղագործական խոշոր ընկերություններից մեկում խոշոր բաժնեմաս ունի Անահիտ Ավանեսյանի մայրը, տնօրենն էլ ամուսինն է եղել, ինչը պիտի կասկածներ հարուցի, որ դեղերի շուկայում մի շարք ապօրինություններ գուցե նաև այդ խողովակով են արվում: Այսինքն՝ շահերի բախման կասկածներ կան, ինչն, ի դեպ. ԱԱԾ-ն ու Քննչական կոմիտեն ներառել են իրենց նյութերում: