Սինդրիկ հավաքելու գնացած տղամարդը կորել էր․ ապա հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Գրեթե 5 ժամ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները գյուղացիների հետ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել Ճոճկան գյուղի վարչական տարածքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17։00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, ովքեր հայտնել են, որ ընկերներով գնացել են Ճոճկան գյուղի վերևի հանդամաս սինդրիկ հավաքելու ու ընկերներից մեկը կորել է։
Անմիջապես նրանց են միացել փրկարարները, ոստիկանները, ովքեր մի քանի ժամ որոնողական աշխատանքներ կատարելու արդյունքում «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքում հայտնաբերել են որոնվող քաղաքացուն, ով Լոռու մարզի բնակիչ 46-ամյա Սամվել Թ․-ն է։