Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունը
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Անդրանիկ Մանուկյանը` նշելով, որ 2 միջնորդություն էր ներկայացվել։
«Հակակոռուպցիոն դատարանը մերժեց Տոնոյանի խափանման միջոցը փոխելու և խափանումն առհասարակ վերացնելու միջնորդությունները»,– ասաց նա։
Պաշտպանական կողմը պատրաստվում է դիմել վերաքննիչ դատարան։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Ստեփան Գալստյանը 2023 թվականի դեկտեմբերին ազատ արձակվեց 25 մլն դրամ գրավի դիմաց։