Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Անահիտ Քալանթարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (ք. Երևան, Տիչինայի փողոց)։
Մասնավորապես՝
սննդի կառույցի հատակը և պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող լվացվող նյութերից, խոհանոցի դռան և օդափոխության համակարգի մոտ առկա են եղել անհարթություններ և բացվածքներ,
առաստաղի որոշ հատվածներ կառուցված չեն եղել այնպես, որպեսզի կանխարգելվեն կամ նվազեցվեն կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սեղանը չի պահվել նորոգ ու բարվոք վիճակում, երկաթային մասերի ներկերը թափված են եղել և առկա են եղել կոռոզիայի հետքեր,
խոհանոցում առկա դարակաշարը պատշաճ մաքրված ու ախտահանված չի եղել։
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ։