Ռասմուսենը ՀՀ կառավարության վարած քաղաքականությունը համարձակ է համարում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը համոզված է, որ Հայաստանը ժողովրդավարություն է անհավանական բարդ աշխարհաքաղաքական հարևանությամբ, և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը համարձակ որոշում է կայացրել՝ փորձելով դիվերսիֆիկացնել ՀՀ արտաքին քաղաքականությունը և շարժվել դեպի Արևմուտք։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ռասմուսենն ասել է իր կողմից ղեկավարած «Հայաստանի բարեկամներ ցանց» բարձր մակարդակի խմբի զեկույցի հրապարակումից հետո։
«Աշխարհի ժողովրդավարական երկրները և հատկապես Եվրամիությունը պետք է գործեն՝ աջակցելու Հայաստանին այս առանցքում»,- ընդգծել է նա։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին՝ նա նշել է․
«Այս աջակցությունն էլ ավելի կարևոր է դարձել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության դեմ Ադրբեջանի հարձակումից և ադրբեջանական ուժերի կողմից բխող շարունակական սպառնալիքից հետո։
Ռուսաստանի անօրինական ներխուժումն Ուկրաինա ցույց տվեց, որ Եվրամիությունը պետք է շատ ավելին անի իր անմիջական հարևանությամբ գտնվող ժողովրդավարություններին պաշտպանելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը:
Ռասմուսենը համոզմունք է հայտնել, որ Եվրոպան հնարավորություն ունի աջակցելու Հարավային Կովկասում կայուն ժողովրդավարությանը և կայուն խաղաղությանը։
«Այսօրվա զեկույցը ուրվագծում է այն շոշափելի քայլերը, որոնք կարող են և պետք է ձեռնարկվեն՝ ի վերջո հանգեցնելով Հայաստանի անդամակցությանը Եվրամիությանը»,- եզրափակել է Ռասմուսենը։