Թուրքիայում 40 մարդ է ձերբակալվել ահաբեկչության կասկածանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական անվտանգության ուժերը ձերբակալել են «Իսլամական պետություն» խմբավորմանն անդամակցելու մեջ կասկածվող 40 անձի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Hurriyet Daily News լրատվականը, այս մասին Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան մանրամասներ է հայտնել X-ի միկրոբլոգում՝ նշելով, որ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ իրականացված գործողության ընթացքում նշված կասկածյալները ձերբակալվել են երկրի 81 նահանգներից ութում։
Նա ընդգծել է, որ 2023 թվականի հունիսից ԻՊ-ի դեմ ընդհանուր առմամբ իրականացվել է 1316 գործողություն, որոնց արդյունքում ձերբակալվել է 2733 կասկածյալ։ Բերման ենթարկվածներից 692-ը ձերբակալվել է, իսկ 529-ը վերցվել է դատական հսկողության։
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ գործողությունները սկսվել են այն բանից հետո, երբ խմբավորումը ստանձնել է Մոսկվայի համերգասրահում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը: