«Дождь» հեռուստաալիքը ներողություն է խնդրել հատուկ թողարկման ժամանակ հայերի հասցեին հնչած առանց ապացույցների մեղադրանքների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Дождь» հեռուստաալիքը ներողություն է խնդրել հատուկ թողարկման ժամանակ հայերի հասցեին հնչած առանց ապացույցների մեղադրանքների համար։
«Տղամարդը ներկայացել էր որպես «Կրոկուսի» ձայնային ռեժիսոր։ Նշեմ, որ ուղիղ եթերից առաջ` նախնական հարցազրույցի ժամանակ նա այդպիսի բան չէր ասել։ Երբ մենք լսեցինք նմանատիպ մեղադրանքները, եթերի հաղորդավարն ընդգծեց, որ դա ապացուցված չէ։
Մենք հանեցինք նրան այդ եթերից ու հաղորդումից էլ հեռացրինք այդ հատվածը։ Ես ներողություն եմ խնդրում որ «Дождь»-ի եթերում նմանատիպ արտահայտություններ են հնչել»,-գրել է հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Դզյադկոն։
Հիշեցնենք, որ հեռուստաալիքի եթերում որպես հնչյունային ռեժիսոր ներկայացած ադրբեջանցի Էմինը Crocus City Hall-ի ահաբեկչությունում մեղադրել էր հայերին: Վերջինս նաև հայտարարել էր, թե ադրբեջանցի լինելով՝ ծանոթ է հայկական հայհոյանքներին, ու, իբր, հարձակվողները հայերեն էին շփվում ու հայհոյում մարդկանց գնդակահարելու ժամանակ:
Ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը խորը մտահոգություն էր հայտնել եթերում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ.
«Վրդովեցուցիչ ենք համարում նման տեղեկատվության նպատակաուղղված տարածումը, որը չի համապատասխանում իրականությանը ու ուղղված է Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ բորբոքելուն», - ասված է դեսպանության հայտարարությունում: