Միրզոյանն ու Քուվեյթի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարար Աբդալլահ Ալի Ալ-Յահյայի հետ։
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Աբդալլահ Ալի Ալ-Յահյային նախարար նշանակվելու կապակցությամբ և հայտնել պատրաստակամությունը համատեղ ջանքերով հարստացնել երկկողմ օրակարգը:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցեր՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել տարբեր ոլորտներում առկա ներուժն իրացնելու ուղղությամբ: Երկուստեք ընդգծվել է, որ երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերն ու շփումերն արդեն իսկ լավ հիմքեր են ստեղծել, իսկ բարձրաստիճան փոխայցելությունները կարող են լրացուցիչ խթան հաղորդել ձևավորվող օրակարգին:
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները:
Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցում հստակ հանձնառության և սահմանազատման հետագա գործընթացում առավել հստակության ապահովման կարևորության վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել մարդասիրական բնույթի հարցերի:
Որպես խաղաղության և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման օրակարգի մաս՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, դրա տնտեսական առավելություններն ու ներդրումների համար ստեղծվող հնարավորությունները: