Սուրեն Պապիկյանը ևս աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:
Վարչապետի պատվիրակության կազմում են գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ:
Այսօր նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Երեկոյան ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահը Աննա Հակոբյանի և Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում ներկա կգտնվեն Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը:
Միսաք Մանուշյանի պանթեոնիզացիայի արարողությունը, կնոջ՝ Մելինե Մանուշյանի ուղեկցությամբ, տեղի է ունենալու փետրվարի 21-ին՝ Մանուշյանի և նրա զինակից ընկերների մահապատժի ութսունամյա տարելիցի կապակցությամբ։
Միսաք Մանուշյանը կամփոփվի ֆրանսիացի այնպիսի մեծությունների կողքին, ինչպիսիք են՝ Վիկտոր Հյուգոն, Ժան-Ժակ Ռուսոն, Մարի և Պիեռ Կյուրիները, Էմիլ Զոլան, Ալեքսանդր Դյուման և այլք:
Վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: