Մեր տարածաշրջանում իրադարձությունները բավականին բարդ փուլ են մտել․ Աբրահամյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Արցախի նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեր տարածաշրջանում իրադարձությունները բավականին բարդ փուլ են մտել:
Իրադրային այս զարգացումները պայմանավորված են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կիսափակուղային հանգամանքով, այլ ռեգիոնալ, աշխարհաքաղաքական բախումների ու կոշտ դիմակայությունների պատճառով:
Երկրորդ հանգամանքը կտրուկ սրվեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը տեղակայումից անմիջապես հետո:
Սրա դեմ ոչ միայն Ադրբեջանն է հանդես գալիս, այլ հարևան Իրանն ու ՌԴ-ն:
Ադրբեջանի դեպքում ամեն ինչ պարզ է` սահմանագծին լրացուցիչ «աչքերի» ներկայությունն արդեն խնդիր է, հատկապես որ Ադրբեջանը չի հրաժարվում ուժի կիրառման իր ավանդական մոտեցումներից:
ՌԴ-ն դիտորդների տեղակայումն ընդունում է որպես իր ներկայությանը, ազդեցությանն ու հեղինակությանը հասցվող վտանգ:
Իրանն էլ նշում է, որ տարածաշրջանում երրորդ երկրների նման ներկայությունն անթույլատրելի է` սպառնալիք տեսնելով, որ մի փուլում դա իր դեմ կարող է ուղղվել:
Երբ սրան գումարվում է ՀՀ իշխանությունների անկանխատեսելի և ոչ ընկալելի արտաքին քաղաքականությունը, պատկերն առավել ամբողջական է դառնում:
Թե ի՞նչ է տալիս կամ ի՞նչ կտա ԵՄ դիտորդական առաքելությունը` հարցի միայն մի կողմն է, բայց այն, որ նրանց տեղակայումն ու ընդլայնումը իրադրությանը նոր լարվածություն և անկանխատեսելիություն է հաղորդել, արդեն տեսանելի է»: