Սաղմոսավանքը և Նորավանքը Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանական ծրագրում․ «Թաթոյան» հիմնադրամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի իշխանությունն իրականում խաղաղության մտադրություն չունի, ուստի որևէ պարագայում չի կարելի թույլ տալ, որ նրանք թելադրեն իրենց կեղծ օրակարգը։
Այս մասին հայտարարություն է տարածել «Թաթոյան» հիմնադրամը։
«Շարունակելով կեղծիքները` Սաղմոսավանքը և Նորավանքը Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանական ծրագրում են հայտնվել։
Ըստ այդ կեղծիքների` Սաղմոսավանքն ադրբեջանական մշակութային ժառանգություն է և գտնվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի թյուրք-ղփչաղական Սաղմոսավանք գյուղում, իսկ վանական համալիրն էլ ալբանական է։ Իբր հայերն այստեղ առաջին անգամ բերվել են 1828-1830 թթ.։
Ըստ այդ կեղծ թեզի` Նորավանքն ալբանական կառույց է և պատկանում է Ադրբեջանին։ Իբր մինչև 1988 թ. այդ գյուղում միայն ադրբեջանցիներ են ապրել։
Ադրբեջանական կողմը բարձրագույն մակարդակով շարունակում է կեղծիքների այս փունջը՝ չխնայելով միջոցներ։
Չպետք է թույլ տալ այս կեղծիքների տարածումը, որին զուգահեռ ադրբեջանական իշխանությունն ակնհայտորեն պատրաստվում է Հայաստանի դեմ նոր հանցանքների։
Ադրբեջանի իշխանությունն իրականում խաղաղության մտադրություն չունի, ուստի որևէ պարագայում չի կարելի թույլ տալ, որ նրանք թելադրեն իրենց կեղծ օրակարգը»,- ասված է հայտարարության մեջ: