Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մինչ օրս էլ մի փոքրիկ հույս եմ փայփայում, որ Դավիթս կարող է տան դուռը բացել ու ներս մտնել». Դավիթ Վիրաբյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փոքրուց Դավիթը իր հասակակիցներից շատ տարբերվող երեխա էր: Չափազանց խելացի էր, յուրահատուկ ընդունակություններով օժտված: Շատ էր սիրում նկարել: Ամեն ինչ փորձում էր անել Դավիթը: Եթե ինչոր բանով զբաղվում էր, ապա դա անում էր գերազանց, կատարյալ: Աշխույժ էր, ընկերասեր, բարի, շփվող, ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ ծնողների, տատիկ-պապիկի հանդեպ յուրահատուկ կերպով ուշադիր էր: Անսահման սիրում էր կրտսեր եղբորը՝ իր Ալենին, ապրում էր Ալենով: Ալենն իր ամեն ինչն էր: Իրեն մի անգամ հարցրել են, թե ամենաշատն ում է սիրում: Բոլորն, իհարկե, պատասխանում են՝ մայրիկին: Իսկ Դավիթը ասում էր՝ առաջինն Ալենիս, իսկ հետո՝ մամայիս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիլիթը՝ Դավթի մայրիկը:

Նշում է՝ առողջ ընտանիքում են մեծացել իր որդիները: Սա շեշտելու անհրաժեշտություն անգամ չկար, որովհետև երկու եղբոր անվերապահ սերն այլ բանի մասին վկայել չի կարող: Երբ մտովի տեղափոխվում ենք Դավիթի դպրոցական տարիներ, մայրիկն ասում է՝ որդու տարերքը մաթեմատիկան էր: «Ապրում էր մաթեմատիկայով: Դավիթը դպրոցի պարծանքն էր: Սովորել է Ավանի թիվ 170 դպրոցում, ուսուցիչները միշտ հպարտանում էին նրանով: Որքան ներկա եմ եղել նրա ծնողական ժողովներին, փայլելով եկել եմ տուն: Երբ պետք է գնայի ժողովներին, Դավիթն ասում էր՝ գնա՛, գնա՛, մա՛մ ջան, տես, թե տղադ ինչ է արել: Ուսուցիչներն էլ միշտ ասում էին, որ Դավիթը տարբերվող է իր մաթեմատիկական ունակություններով, որը բնածին է»: Մայրիկի խոսքով, Դավիթը նաև բժշկություն էր շատ սիրում, ուզում էր սրտաբան դառնալ, բայց երբ եկավ որոշելու պահը, 12րդ դասարանում հստակ որոշեց ընդունվել Ամերիկյան համալսարան:

«Ընտրեց «Բիզնեսի կառավարում» բաժինը: Հասցրեց ուսանող լինել, պետք է դեկտեմբերին զորակոչվեր ծառայության, սակայն ասաց, որ չի ուզում կիսատ թողնել կիսամյակը՝ «թող ոչինչ կիսատ չմնա», և հունվարին զորակոչվեց բանակ: Մեծ սիրով ու հպարտությամբ էր դասերին հաճախում: Մեծ նպատակներ ուներ ուսման, գիտելիքներ ձեռք բերելու հետ կապված: Ցանկանում էր օգնել ներդրողներին, ամեն ինչ անել, որ մեր երկիրն ավելի լավը դառնա, մեր պետությունն ավելի լավը լինի: Երկրի մասին էր մտածում: Ուզում էր, որ մեր երկրում ամեն ինչ լավ լինի»: Նպատակներն ու երազանքները մտքում՝ Դավիթը 2020 թ.-ի հունվարի 8-ին զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Նրա ծառայության առաջին վեց ամիսն անցել է Գյումրու հրետանային զորամասում՝ հակատանկային դասակում: Հետո Դավիթը տեղափոխվել է Արցախի Հանրապետություն՝ Կուբաթլուի հակատանկային դասակ:

«Մեծ ոգևորվածությամբ է զորակոչվել Հայոց բանակ, չեք էլ պատկերացնի, թե ինչ ոգևորված էր, որ պետք է կրի այդ համազգեստը: Հպարտանում էր, սպասում այդ օրվան: Իր ընկերն արձակուրդ էր եկել, այդ ժամանակ Դավիթը դեռ չէր ծառայում, ինձ ասաց, որ քիչ անց կգա: Մեկ էլ ինձ նկարներ է ուղարկում: Ընկերոջ տուն էր գնացել, հագել Էդուարդի համազգեստը, նկարվել և նկարներն ուղարկել ինձ: «Մա՛մ, տղայիդ սազո՞ւմ է համազգեստը», արձագանեցի՝ «շատ, Դավի՛թ ջան»: Դավիթը շատ էր կարևորում իր բանակ գնալը, ասում էր, որ պետք է անպայման ծառայել Հայոց բանակում՝ «ո՞նց կլինի չծառայել, մա՛մ ջան, չի լինի»: Այն հայրենասիրությամբ, որ մեր ընտանիքն է սերմանել իր մեջ, այլ տարբերակ չէր կարող լինել: Հրաշալի էին նաև իր տպավորությունները, երբ արդեն ծառայում էր: Երբեք որևէ բանից չի դժգոհել, միշտ ասում էր, որ ամեն ինչ լավ է: Հրամանատարական անձնակազմի կողմից երկու անգամ նամակ ենք ստացել, որ հրաշալի որդի ունենք, գերազանց առաջադիմությամբ է ծառայում: Մենք էլ նույն ոգևորությամբ ու սիրով իրեն բանակ ենք ճանապարհել՝ տղա է, պետք է ծառայի»: 2020 թ.-ին սկսվեց պատերազմը, որը 44 օր տևեց, սակայն զգացում ունենք, որ մինչ օրս չի էլ ավարտվել:

«Պատերազմն սկսվելուց օրեր անց ամուսինս մեկնեց Արցախ, որ Դավիթին հասնի: Բայց իրենք այդպես էլ չհանդիպեցին: Ամուսինս մինչև պատերազմի ավարտը մնաց Արցախում, նաև դրանից հետո՝ որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ: Պատերազմն սկսվելուն պես, չնայած անհանգիստ լինելուն, չենք փորձել զանգել Դավթին: Ես չեմ զանգահարել, Դավիթն է զանգել սեպտեմբերի 29-ի երեկոյան: Խոսեցինք, անհանգիստ ձայնով ասացի՝ Դա՛վ ջան, ընդհատեց՝ մա՛մ ջան, եթե չեմ զանգում, չի նշանակում, որ զոհվել եմ: Կռիվ է, կռվում ենք: Այսպես ասենք, չէր թաքցնում ոչինչ: Հետո ասաց, որ ամեն ինչ լավ է, հանգիստ լինեմ: Մի քիչ զրուցելուց հետո հեռախոսը փոխանցեցի Ալենին, նա էլ ասել էր, որ հայրիկն ուզում է գնալ Դավիթի մոտ: Միանգամից անջատեց հեռախոսն ու զանգեց հայրիկին, խոսեց նրա հետ, համոզվեց, որ ամեն ինչ կարգին է. «Պա՛պ ջան, մեզ մոտ մի՛ արի, ոչ մի լուրջ բան չկա»: Բայց գիտեր, որ հայրիկն իրեն չի լսելու և գնալու է: Սեպտեմբերի 30-ին զանգել է իր ընկերուհուն, որն այդ պահին Դավիթի հորեղբոր տանն է եղել: Խոսել է հորեղբոր ընտանիքի բոլոր անդամների հետ, համոզել, որ ամեն բան կարգին է, հանգիստ լինեն»:

Դավիթը Ջրականում է եղել, Մարջանլու կոչվող տարածքում՝ Անանուն բարձունքում: Դավթի կռիվը վեց օր է տևել: «Տղաները շատ լավ են կռվել, տղաները չեն նահանջել իրենց հրամանատարների հետ: Եվ բոլորը միասին զոհվել են հոկտեմբերի 3-ին: Հինգ ամիս որոնումներից հետո ԴՆԹ հետազոտությամբ գտնում ենք Դավթին. մարտի 5-ին հաստատվում է ԴՆԹ-ն: Մարտի 8-ին նրան հուղարկավորել ենք: Իրեն փնտրելու ողջ ընթացքում հայրիկը մասնակցում էր որոնողական աշխատանքներին: Թուրքերը տղաների մարմինները տարել էին, նրանք իրենց զոհվելու վայրում չեն եղել: Բայց այդ տեղից ամուսինս գտնում է Դավոյիս գլխարկը, մասունքներ»: Սպասման ամիսները հեշտ չեն տրվել: «Հոկտեմբերի 5-ից գիտեինք, որ Անանուն բարձունքը, որտեղ գտնվում էին Դավիթն ու իր ընկերները, թուրքերը գրավել են: Նահանջող տղաներ կային, որոնք ողջ էին, իսկ մյուսները չկային: Իրականությանը պարզ էինք նայում, պատերազմ էր եղել, և գիտակցում էինք, թե ինչ է տեղի ունեցել: Այնպես չէր, որ ասում էինք՝ Դավիթը ողջ է և վերջ, բայց սրտի անկյունում հավատ ունեինք ու սպասում էինք հրաշքի: Մյուս կողմից՝ կար այն գիտակցումը, որ երեխաների մարմինները չկան: Չեմ տեսել երեխայիս ու մինչ օրս էլ մի փոքրիկ հույս եմ փայփայում, որ մի օր նա կարող է տան դուռը բացել ու ներս մտնել: Մենք ոչինչ չենք տեսել, մեր երեխաներին փակ տարանք և ...»:

Մայրիկները հաճախ են ինձ ապշեցնում իրենց ամրությամբ, զսպվածությամբ, երբեմն կարող են զրույցի ժամանակ ինձ իրենց փխրունությունը ցույց տալ, բայց դա մի ակնթարթ է տևում: Ցավն արժանապատվորեն կրելու մասին նաև տիկին Լիլիթն է նշում. «Պետք է արժանի լինեմ իմ Դավիթին, արժանապատիվ ապրեմ: Պետք է այնպես ապրեմ, ինչպես որդիս կցանկանար: Պետք է հանուն Դավիթիս ու Ալենիս ապրեմ, հանուն ամուսնուս: Ապրելու ենք, որ ապրեցնենք: Մեր հասարակությունը պետք է փոխվի, պետք է սիրենք ու հարգենք իրար ու նաև մեկս մյուսով ապրենք: Պետք է գիտակցենք, որ դարավոր թշնամու հետ ենք կռվել, պատերազմ է եղել, և մեր տղաներն անհնարինն են արել: Դավիթն էլ է անձնազոհության գնացել, գիտակցված անձնազոհության, և ես հարգում եմ իր որոշումը: Նա այդ քայլն արել է հանուն մեր ընտանիքի, հանուն իր սիրելի մարդկանց, հանուն իր Ալենի, որին պաշտում էր: Ալենը սպորտսմեն է, սպորտն օգնեց իրեն հաղթահարել սթրեսը: Նա շատ չի արտահայտվում, բայց Դավոյով է ապրում: Տղաներս հայրիկի հետ ընկերներ էին, հիմա այդ ընկերությունը շարունակվում է Ալենի և հայրիկի միջև»:

Հ. Գ. - Դավիթ Վիրաբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Գետարգելի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձը«Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՀորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. ՂալիբաֆԻրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Իրանում ԱՄՆ նոր հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ Սահմանամերձ բնակավայրերի բնակարանային աջակցության ծրագրում փոփոխություններ են կատարվելԼիբանանի նախագահն Լիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արել Իսրայելին հրադադարի կոչ է արել Իրանը հայտարարել է Բահրեյնում, Քուվեյթում և Քաթարում ամերիկյան բազաներին հարվածելու մասին 28 և 30 տարեկան երկու երիտասարդ են ձերբակալվել թմրանյութ տեղափոխելու համար Վենգերը նշել է այն միակ հավաքականին, որն ունակ է հաղթել Ֆրանսիային ԱԱ-2026-ում Կասեցվել է «Ոսկե կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը Ինչպես կարող է լուծվել անկլավների հարցըՏավուշի մարզում քաղաքացին ջրահեղձ է եղել․ մարմինը հայտնաբերվել է Խաշթառակի կամրջի տակ Թրամփը փաստացի ընդունել է հուշագրի չպահպանումը. Իրանի ԱԳՆ Սպերցյանը ընտրե՞լ է իր խաղահամարը նոր ակումբում. հայտնի է, թե որ համարի ներքո է մարզվում հայ ֆուտբոլիստը 75 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Բոնի Թայլերը Ապարան քաղաքից քիչ հեռու 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը կբարձրանա 6-8 աստիճանով Քարահունջում գայլի հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Երևան․ ԲԿ-ի տնօրեն Ավո Ադամյանի մենահամերգը՝ Երևանի սրտում․ ֆոտոշարք Ադրբեջանական SOCAR-ի ցիստեռնը բախվել է մեքենայի, ապա՝ «Լուկօյլ»-ի բենզալցակայանի (տեսանյութ)Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կլինի արձակուրդումՊԵԿ-ը «Մուլտի վելնես» համալիրում «բացահայտել է» 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն ԱԱ-2026. մեկնարկում է քառորդ եզրափակիչը Կիևյան կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ին՝ նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Պատգամավոր Կալաշնիկովը բացատրել է, թե ինչու է արգելվել Հայաստանում գտնվող արտագաղթյալներին քվեարկելՀայաստան և ԵՄ. Խոստումների և իրականությունԻշխանությունները որոշեցին զոհաբերել ԱԺ-ի լեգիտիմությունն իրենց դիրքերն ամրապնդելու համար. «Փաստ»«Իրական Հայաստանի վերջը». ի՞նչ է թաքնված Բաքվի «խաղաղության» նախաձեռնության հետևումՀայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման աշխատանքները շարունակվում են․ Բայրամով Արարատի գագաթը նվաճել է ամենամեծ 9 հոգանոց մի խումբ. պատմության այս օրը (09 հուլիս)«Սաքս ընկերասեր էր, բարի, բոլորին ձեռք մեկնող». հրետանավոր Սարգիս Թոմբուլ յանն անմահացել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ զինադադարի ստորագրումից հետո. «Փաստ»8 տարի է՝ իրավապահ համակարգը փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը Ոչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 19:00-ն Սոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոն Բյուրեղավանում քաղաքացին բարձրացել է 70 մետրանոց աշտարակի վրա և սպառնում է նետվել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ»Փոփոխություններ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացում. ո՞ր դեպքերում կարող է բացասական եզրակացություն տրվել. «Փաստ»Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»Ինչ է բացահայտում Սերգեյ Բագրատյանի ընտանիքի հայտարարագրերի ուսումնասիրությունը. «Ժողովուրդ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»
Ամենադիտված