Ամերիկացի հայտնի լրագրողը հաստատել է, որ հարցազրույց կանցկացնի Պուտինի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկացի հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Թաքեր Կառլսոնը, որին վերջերս նկատել են Ռուսաստանի մայրաքաղաքում, հաստատել է լուրերն այն մասին, որ պայմանավորվածություն ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցի վերաբերյալ։
Կառլսոնը Մոսկվա է ժամանել անցյալ շաբաթ։ Երեքշաբթի նա հրապարակում է արել X սոցիալական ցանցում. «Այսօր երեկոյան մենք հարցազրույց կանցկացնենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մենք դա կանենք շուտով»:
Կառլսոնի խոսքով՝ հարցազրույցը առանց խմբագրման կցուցադրվի իր Tucker Carlson Network կայքում, իսկ ավելի ուշ՝ X սոցիալական ցանցում, որտեղ Կառլսոնը հսկայական լսարան ունի, գրում է BBC-ն։
Կառլսոնը շնորհակալություն է հայտնել X-ի սեփականատեր Իլոն Մասկին, որը, ըստ նրա, խոստացել էր չարգելափակել հարցազրույցը:
«Իհարկե, նման հարցազրույց անելը ռիսկեր է պարունակում», - ընդգծել է Կառլսոնը:
Նա պնդել է, որ Բայդենի վարչակազմը փորձել է կանխել հարցազրույցի անցկացումը:
Թաքեր Կառլսոնը բազմիցս դրական է արտահայտվել Վլադիմիր Պուտինի մասին: Նրա քաղաքական հայացքները կիսում են բազմաթիվ պահպանողական ամերիկացիներ, որոնք դժգոհ են Ուկրաինային ամերիկյան բազմամիլիարդանոց աջակցությունից:Կառլսոնը չի թաքցնում նաև իր հակակրանքը Ուկրաինայի նախագահ Զելենսկու նկատմամբ։