Էկոնոմիկայի նախարարությունից բացի, խուզարկվում են նաև մի շարք անձանց բնակարանները․ ՔԿ
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ քննչական կոմիտեի քննիչներն ու ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները համատեղ գործողություններ են իրականացնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ»,– ասել է Աբրահամյանը։
Նա տեղեկացրել է, որ խուզարկություններ են կատարվում էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քննչական գործողություններ է իրականացնում գերատեսչությունում։
Երեկ փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանն ու Հանրային ներդրումների վարչության պետ Լիլյա Սիրականյանը բերման են ենթարկվել։