ՀՀ-ում 140,000 երիտասարդ չի սովորում որևէ հաստատությունում․ Ժաննա Անդրեասյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում ավելի քան 140 հազար երիտասարդ չի սովորում որևէ կրթական ծրագրով։
Այս մասին Ազգային ժողովում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումների շուրջ քննարկման ժամանակ հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Համաձայն վերջին մարդահամարի տվյալների՝ 15-ից 19 տարեկան երիտասարդների 20,6 տոկոսը չի սովորում որևէ կրթական ծրագրով։ Վիճակն առավել մտահոգիչ է 20-ից 24 տարեկան երիտասարդների մասով։ Այս տարիքային խումբը ներառյալ՝ չսովորող երիտասարդների համամասնությունը դառնում է 68,8 տոկոս՝ ավելի քան 140 հազար մարդ»,- փոխանցեց նա։
Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ սա անթույլատրելի շեմ է։