ՊԵԿ–ը փետրվարի 1–ից կտուգանի առանց պայմանագրի կամ հայտարարության գույք վարձով տվողներին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՊԵԿ–ը փետրվարից սկսելու է վարչարարություն այն սեփականատերերի նկատմամբ, ովքեր չունեն վարձակալության պայմանագիր կամ հայտարարություն վարձակալական հարաբերությունների վերաբերյալ։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ այլընտրանքային հնարավորություն է տրվել բոլոր սեփականատերերին` եթե ինչ–ինչ պատճառներով չեն կարող վարձակալության պայմանագիր կնքել, կարող են կոմիտեին ներկայացնել հայտարարություն, որ ունեն փաստացի վարձակալական հարաբերություններ և հաջորդ տարի ներկայացնեն տարեկան եկամուտների հայտարարագիրն ու վճարեն հարկերը։
«Մանավանդ դա կիրառելի է այն դեպքերում, երբ օրավարձով կամ ժամավճարով է վարձակալությունը։ Պարզ է` երկու–երեք օրը մեկ չեն կարող գալ կադաստր, գրանցում անել»,–ասաց նա։
Նրանց այդ առաջարկին արձագանքել է արդեն 5000 քաղաքացի։ ՊԵԿ–ը մինչև փետրվարի 1–ը կսպասի, մինչև կարձագանքեն այլ սեփականատերեր ևս, այնուհետև սկսի իր ստուգումները։
«Մինչև փետրվարի մեկը հավաքելու ենք բոլոր հայտարարությունները։ Ունենք տեղեկություններ, որոնք ստանում ենք որոշ այլ պետական մարմիններից, ունենք մեր սեփական տեղեկությունը` որտեղ, ինչ տարածք է վարձով տրվում, և փետրվարից փուլ–փուլ կսկսենք վարչարարությունը` կենտրոնանալով նորակառույց շենքերում տրվող բնակարանների վարձակալության վրա»,–ասաց նա։
Բադասյանը կոչ արեց քաղաքացիներին կամավոր ներկայացնել հայտարարություններ, որպեսզի խուսափեն լրացուցիչ վարչարարությունից և մեծ տուգանքներից։