Ձմեռային զորակոչը Գեղարքունիքի մարզում կմեկնարկի հունվարի 8-ից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանը 2023 թվականի աշխատանքային վերջին օրն անցկացրել է մարզային զորակոչային հանձնաժողովի տարեվերջյան նիստ, որին մասնակցել են զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները։
Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, նիստի օրակարգում քննարկվել են ձմեռային զորակոչի նախապատրաստական փուլերին, զորակոչին ներգրավված կազմակերպությունների հետ համագործակցություն ծավալելուն ուղղված հարցեր։
ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համլրման ծառայության (ԶՀԾ) Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից ներկայացվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարաններում սովորող անձանց տարկետմանը վերաբերող հարցեր, որոնց հանձնաժողովը տվել է համապատասխան եզրակացություններ։
Ամփոփելով նիստը՝ Կարեն Սարգսյանը հանձնարարել է՝ ի գիտություն ընդունել ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման զեկույցը ձմեռային զորակոչի նախապատրաստական փուլերի մասին։ Զ եւ ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանմանը, բուժհիմնարկներին եւ ոստիկանությանը առաջարկվել է՝ շարունակել բարձր մակարդակով իրականացնել զորակոչի կազմակերպման եւ անցկացման աշխատանքները, պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել մարզպետին, բացառել ցանկացած բացթողում՝ կապված զորակոչիկների բժշկական եզրակացությունների հետ։
Ձմեռային զորակոչը Գեղարքունիքի մարզում կմեկնարկի 2024 թվականի հունվարի 8-ից։