Գերիները չեն հարցաքննվի. մոտ երկու ժամից մարզպետի հետ կուղեւորվեն Շիրակի մարզ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանից այսօր վերադարձած Շիրակի մարզի գերիները մոտ երկու ժամից մարզպետի հետ կուղեւորվեն տուն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Մուրացան» հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, որը եկել էր դիմավորելու գերությունից վերադարձած հայ զինծառայողներին:
Նա հայտնեց, որ տղաներն այս պահին բուժզննում են անցնում, դրանից հետո հարցաքննության չեն գնալու, տուն են գնալու:
Նշենք, որ այսօր Ադրբեջանից վերադարձած հայ գերիների հարազատները հավաքվել են «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալի մոտ, քանի որ այստեղ են բերել հետազոտման գերիներին:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: «Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ»,- նշել էր նա եւ հրապարակել վերադարձած գերիների անունները: