Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը․
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:
Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:
Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:
Որպես բարի կամքի քայլ` Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը: Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հույս են հայտնում, որ Արևելյան Եվրոպայի խմբի մյուս պետությունները նույնպես կաջակցեն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին: Որպես բարի կամքի քայլ` Ադրբեջանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի Հանրապետության թեկնածությանը:
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակեն իրենց քննարկումները վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ մոտ ապագայում կյանքի կոչելու համար, և կոչ են անում միջազգային հանրությանը` աջակցելու իրենց ջանքերին, որոնք կնպաստեն երկու պետությունների միջև փոխադարձ վստահության կառուցմանը և դրական ազդեցություն կունենան Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար: