Ford-ում տեղի է ունեցել գազի կուտակում, ինչից առաջացել է պայթյուն, վարորդը վիրավոր է․ նոր մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նազարբեկյան թաղամասի թիվ 13/5 հասցեի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ford մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով նշված վայրից Երևանի բնակիչ՝ 29-ամյա Միսակ Սիմոնյանը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Պարզվել է, որ այրվել է ավտոմեքենայի ցուցիչների վահանակը, և ջերմահարվել է սրահը:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, և հնարավոր է՝ այն փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հրդեհի պատճառը եղել է ավտոմեքենայում տեղի ունեցած գազի կուտակումը, և վարորդը անզգուշաբար կրակայրիչը միացրել է, ինչից տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: