Իսրայելն ազատ է արձակել 39 պաղեստինցի բանտարկյալների՝ 24 ազատագրված պատանդների դիմաց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ24 պատանդներից բաղկացած խումբը, այդ թվում՝ 13 իսրայելցիներ և մի քանի թայլանդցիներ, ազատ են արձակվել Գազայի հատվածից ուրբաթ օրը՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագրի շրջանակներում, որը ձեռք է բերվել շաբաթներ տեւած գաղտնի դիվանագիտական բանակցություններից հետո, հաղորդում է NBC News-ը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել է, որ պատանդներին Գազայի հատվածից տեղափոխել է Եգիպտոսի Ռաֆահ անցակետ: Իսրայելի պաշտպանության ուժերը ավելի ուշ ասել են, որ պատանդները «նախնական բժշկական հետազոտություն են անցել իսրայելական հողում», որից հետո զինվորները նրանց կուղեկցեն հիվանդանոցներ, «ուր նրանք կմիավորվեն իրենց ընտանիքների հետ»:
Դրա դիմաց Իսրայելն ազատ է արձակել 39 պաղեստինցի բանտարկյալների։ Կարմիր Խաչը հայտարարել է, որ նպաստել է 33 բանտարկյալների ազատ արձակմանը օկուպացված Արևմտյան ափի Ռամալլա քաղաքի Օֆեր բանտից: Քադուրա Ֆարեսը, ով ղեկավարում է բանտարկյալների իրավունքների խումբը, AP-ին ասել է, որ ևս վեց մարդ ազատ է արձակվել Երուսաղեմի բանտից։
Ենթադրվում է, որ մոտ 240 մարդ դեռ պատանդ է պահվում ՀԱՄԱՍ-ի կողմից։