Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձանի հարթակից տղամարդն ընկել և մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ նոյեմբերի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Կասկադ»-ի տակ տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության Կենտրոն ենթակայանի թիվ 07 բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նույնպես դժվարանցանելի ճանապարհով հասնելով դեպքի վայր՝ արձանագրել են տղամարդու մահը:
Փրկարարները մեծ դժվարությամբ դին պատգարակով մոտեցրեցին դիատարին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տղամարդը ընկել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձանի հարթակից՝ մոտ 80 մ բարձրությունից: Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: