Մենք պետք է դիմակայենք միջազգային իրավունքի խախտմանը Ղարաբաղում, Ուկրաինայում և Գազայում. ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻնչպես Ուկրաինայում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում, և վերջին շրջանում Գազայի հատվածում միջազգային իրավունքի շարունակական խախտումը պետք է հատկապես մտահոգի մեզ, և մենք պետք է դիմակայենք դրան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի բացման ժամանակ ասել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, Կիպրոսի պատվիրակության անդամ Կիրիակոս Հաջիյանին։
«Սակայն մեզ ամենաշատն անհանգստացնում է այն փաստը, որ միջազգային կազմակերպությունները չեն պահպանում միջազգային իրավունքը»,- ընդգծեց նա։
Ըստ Հաջիյանի՝ այս կրիտիկական պահին անհրաժեշտ է ապահովել, որ կազմակերպության արդիականությունն ու հեղինակությունը պահպանվի և ամրապնդվի։
Կիպրոսի պատվիրակը նշել է, որ հատուկ մտահոգություն է առաջացնում նաև ավտորիտար ռեժիմների պահվածքը։
Նա հավելել է, որ դատապարտում է ՀԱՄԱՍ-ի գործողությունները Մերձավոր Արևելքում՝ աջակցելով Թել Ավիվի ինքնապաշտպանության իրավունքին, մինչդեռ Իսրայելին կոչ է անում լիովին երաշխավորել պատերազմի օրենքների պահպանումը։