ԿԽՄԿ–ն առաջին անգամ այցելել է Բաքվի կողմից սեպտեմբերին ձերբակալված հայերի մի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿարմիր խաչի միջազգային կոմիտեն նոյեմբերի սկզբին առաջին անգամ տեսակցել է Արցախում սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայերի մի մասին։ Այս մասին NEWS.am-ին ասաց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։
Զառա Ամատունին նշեց, որ մյուս մասի հետ տեսակցությունը տեղի է ունեցել նախորդ ամսին։
Նա ասաց, որ տեսակցությունները պարբերական բնույթ են կրում․ «Օգտվելով դրանից՝ հնարավորություն ենք տալիս նաև այդ անձանց՝ կապ պահպանել ընտանիքների հետ»։
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները սեպտեմբերի վերջին ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։ Վերջինին, ի դեպ, Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնում։