Փաշինյանը ԵԽԽՎ հանձնաժողովի համազեկուցողներին է ներկայացրել Արցախի հայաթափման հետևանքով ստեղծված իրավիճակը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին:
Վարչապետը ողջունել է համազեկուցողների այցը Հայաստան և կարևորել ՀՀ կառավարության ու Եվրոպայի խորհրդի սերտ համագործակցությունը, մասնավորապես, ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման և այլ ուղղություններով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարության զարգացումն ու բարեփոխումների օրակարգը ՀՀ կառավարության ռազմավարությունն է և հետևողական աշխատանքներն այդ ուղղությամբ կրելու են շարունակական բնույթ: Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում իրականացված և նախատեսվող քայլերը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ բարեփոխումները նպաստել են նաև մեր երկրում տնտեսության ոլորտում ազատ մրցակցային միջավայրի ձևավորմանը և արձանագրվող տնտեսական աճին:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, դրա հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունն առկա խնդիրների լուծման գործում: Վարչապետն ընդգծել է նաև ԼՂ-ում հայության իրավունքների վերաբերյալ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևերի կարևորությունը: