Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 128-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 128 մարդ զոհվել է Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով։ Ինչպես տեղեկացրել է Mint թերթը, պաշտոնական անձինք սպասում են, որ զոհերի թիվը, հավանաբար, կավելանա, քանի որ կապը լեռնային շատ շրջանների հետ խախտվել է։
Ոստիկանության ներկայացուցիչը AFP գործակալությանն ասել է, որ տուժել է մոտ 100 մարդ։ Ավելի վաղ տեղեկացվել էր 69 զոհերի մասին։
Երկրաշարժը տեղի է ունեցել Հնդկաստանի եւ Նեպալի սահմանին։ Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Նեպալի Ջումլա քաղաքից (9 հազար բնակչություն) 36 կիլոմետր հարավ-արեւելք եւ հնդկական Բահրայչ քաղաքից (182 հազար բնակիչ) 166 կիլոմետր հյուսիս-արեւելք։ Օջախը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաեւ Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում։
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատել է 5,6, Հնդկաստանի սեյսմոլոգիական կենտրոնը՝ 6,4։