Վրաստանում զանգվածային ծեծկռտուքի պատճառով ընդդիմադիրներին տուգանել են 740 դոլարով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹբիլիսիի քաղաքային դատարանը 2 հազար լարիով (մոտ 740 դոլար) տուգանել է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախկին նախագահ Նիկա Մելիային, կուսակցության անդամ Բաչո Դոլիձեին, ինչպես նաեւ մայրաքաղաքի քաղաքային ժողովի պատգամավոր Զվիադ Կուպրավային զանգվածային ծեծկռտուքի եւ իրավապահ մարմինների հետ քաշքշուկի պատճառով, տեղեկացրել է վրացական Առաջին ալիքը։
Դատավոր Նաթիա Բուսկաձեն երեքին մեղավոր է ճանաչել մանր խուլիգանության եւ ոստիկանության պահանջներին չենթարկվելու մեջ։ Մելիան, Դոլիձեն եւ Կուպրավան պետք է վճարեն 2 հազարական լարի տուգանք։
Սեպտեմբերին Թբիլիսիի Գլդանի շրջանում տան մոտ ծեծի էր ենթարկվել քաղաքային ժողովի պատգամավոր Իրակլի Էդգվիրաձեն («Միասնական շարժումից»)։ Միջադեպից հետո պատահարի վայր են եկել ընդդիմության երկու ներկայացուցիչներ, որոնք վեճի են բռնվել տեղի բնակիչների եւ ոստիկանության հետ։ Միջադեպը վերաճել է զանգվածային ծեծկռտուքի, ձերբակալվել են Մելիան, Դոլիձեն եւ Կուպրավան։
Մինչ այդ Վրաստանի խորհրդարանում տեղի էր ունեցել բախում խորհրդարանական մեծամասնության պատգամավորների եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ։
Նշվել է, որ բանակռիվը ինչ-որ պահի վերաճել է կռվի։ Միջադեպը տեղի է ունեցել խորհրդարանի սպասասրահում։ Վեճը վերաբերել է Ազգային բանկի որոշմանը, որի համաձայն՝ պատժամիջոցների տակ հայտնված նախկին դատախազ Օթար Փարցխալաձեին է վերադարձվել երկրում ֆինանսական գործողությունների հասանելիությունը։