Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Ասաց՝ մե՛րս, հոգնած եմ, քնեմ, առավոտյան կզանգեմ. մինչ օրս սպասում եմ իր զանգին». Վրեժ Բարսեղյանն անմահացել է պատերազմի առաջին օրը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Շատ աշխույժ երեխա էր Վրեժը: Մի օրինակով իր աշխաժության մասին պատմեմ: Վեց տարեկան էր, այդ տարի պետք է դպրոց գնար: Խաղում էր բակում, երեխաների հետ գնում է կողքի շենք, բարձրանում երկրորդ հարկ, հարցնում՝ ո՞վ կարող է այստեղից թռնել: Ոչ ոք չի թռնում, բացի իրենից, թռնում է ու ձեռքը կոտրում: Բժշկի տարանք, ձեռքը գիպս դրեցին, այդպես էլ գնաց առաջին դասարան»,- ասում է Վրեժի մայրիկը՝ տիկին Լարիսան՝ հավելելով, որ որդին «խելացի չարաճճի էր»:

Նշում է՝ Վրեժը շատ խղճով էր: «Երկու կամ երկուսուկես տարեկան էր, ձեռքի կոնֆետը տվել էր ուրիշին, վազելով տուն եկավ՝ մա՛մ, կոնֆետս տվեցի մի երեխայի, թող ուտի, վերջացնի, նոր գնամ բակ խաղալու»: Վրեժը մինչև չորրորդ դասարանի առաջին կիսամյակը հաճախել է Երևանի Ավան-Առինջի թիվ 180 դպրոց: Նույն դպրոցում այսօր Վրեժի և նրա դասընկերոջ հիշատակը հավերժացնող հուշաքար է տեղադրվել: Հետագա կրթությունը շարունակել է Աբովյան քաղաքի թիվ 8 դպրոցում: «Շատ կապված էր Առինջի դպրոցի հետ, օրվա մի կեսը Երևանում էր, մյուս կեսը՝ Աբովյանում: Իր երկու դասարանների ընկերներին էլ շատ էր սիրում: Աբովյանի դպրոցի իր դասընկերները պետք է տարեվերջյան էքսկուրսիայի գնային, Երևանի իր դպրոցի դասընկերների հետ պայմանավորվեց, որ հանկարծ նույն օրը չգնան, որ ինքն էլ կարողանա մասնակցել: Շատ ընդունակ էր, սիրում էր «Պատմություն» առարկան, բայց ծուլություն ուներ: Չէր սիրում նստել, դաս անել, կարող էր դասարանում ուսուցչի պատմածը լսել և հաջորդ օրը նույնը պատմել»: Մայրիկի խոսքով, Վրեժը շատ էր սիրում տարբեր խմբակների հաճախել:

«Մոտ վեց տարի պարի է հաճախել, դիպլոմները, մրցանակները պահպանում եմ: Հետո մի երեք ամիս ֆուտբոլի հաճախեց, երկու ամիս՝ ըմբշամարտի, Աբովյանում թատերական խմբակ է հաճախել, շատ էր սիրում այդ մթնոլորտը, դերասանների հետ շփումը: Կարծում եմ՝ ձանձրանում էր, անընդհատ նորություններ էր ուզում: Երբ իններորդ դասարանն ավարտեց, հայրիկի հետ խորհրդակցելուց հետո ասաց, որ ուզում է ոսկերիչ դառնալ: Նաև շատ լավ նկարում էր: Պայմանավորվեց քեռու հետ, վերջինիս ընկերներից շատերը ոսկու շուկայում են աշխատում: Մոտ մեկ տարի ոսկերչություն սովորեց, զուգահեռ սկսեց աշխատել շուկայում: Բանակ գնալուց առաջ մեծագույն խնամքով ծածկել էր իր ոսկերչական սեղանը, մինչ օրս՝ արդեն երեք տարի է, դրան ոչ ոք ձեռք չի տվել: Եղբորս խնդրում եմ՝ սեղանը հանիր այդտեղից, մերժում է՝ իմ երեխու ձեռքերը կպել են այդ սեղանի ամեն հատվածին, թող այդպես մնա: Բանակից հետո մտադիր էր շարունակել իր աշխատանքը»:

2019 թ. հուլիսի 1-ին Վրեժը զորակոչվում է բանակ: Ծառայում էր Քարվաճառում: Երբ հարցնում եմ անհանգստությունների մասին, տիկին Լարիսան ասում է՝ երբեք չի անհանգստացել որդու՝ ծառայության մեկնելիս: Նշում է, որ նա կարողանում էր ցանկացած բնավորության տեր մարդու հետ լեզու գտնել: «Երբևիցե չեմ անհանգստացել իր համար: ԴՕՍԱԱՖ-ում սովորեց, աշխատում էր այդ ընթացքում, իր ծախսերն ինքը հոգաց, վարորդական իրավունք ստացավ, ծառայության ընթացքում «Ուրալի» վարորդ էր: Միայն այդ ժամանակ էի ասում՝ ծառայիր, վերադարձիր, հետո նոր վարորդական իրավունք կստանաս: Երբ իմացա, որ «Ուրալի» վարորդ է, մի տեսակ անհանգստություն ունեի, բայց Վրեժը հանգստացրեց ինձ՝ ամեն ինչ նորմալ է: Առհասարակ, երբեք չի դժգոհել, չի տրտնջացել, եթե անգամ խնդիրներ ծագել են, ապա դրանք ինքնուրույն լուծել է»: Մայրիկն ասում է՝ որդու երդմնակալության արարողությունը Դադիվանքում էր:

«Գնացինք իր մոտ: Քանի դեռ կամ, երբեք չեմ մոռանա Քարվաճառը՝ ժայռերը, լեռները, ամեն ինչը: Եթե նման պատերազմ չլիներ, թշնամին երբեք չէր կարողանա մտնել Քարվաճառ: Զինվորները ճոպաններով էին բարձրանում դիրքեր, անգամ սնունդը ճոպաններով էին բարձրացնում: Դրա համար էլ տղաներին ասում էին Օմարի արծիվներ»: Սկսվեց պատերազմը: «Երբ առավոտյան արթնանում եմ, դեռ սուրճը չխմած՝ հեռախոսով լրահոսն եմ նայում, հետո անցնում գործերիս: Սեպտեմբերի 27-ին արթնացա, կրտսեր որդիս ու ամուսինս քնած էին, հեռախոսը ձեռքս չէի վերցրել: Ժամը իննին մայրիկս զանգահարեց, խոսեցինք, հասկացել էր, որ տեղյակ չեմ պատերազմի լուրից, ու ինձ ոչինչ չասաց: Հետո եղբայրս զանգեց, առօրյա հարցեր տվեց ու անջատեց: Ամուսինս արթնացավ, միացրեց հեռուստացույցը, ու մինչ օրս մի կադր է աչքիս առաջ՝ տանկը սարերում է, և զինվորները «օդ են բարձրանում»: Մինչև կյանքիս վերջ այդ կադրն իմ հիշողությունից դուրս չի գա: Սկսեցի զանգել բոլոր հնարավոր հեռախոսահամարներով, որոնք ունեինք: Ոչ մի հեռախոս չէր պատասխանում:

Ծանոթ հրամանատարներից մեկի հետ երեկոյան վերջապես կապ հաստատեցինք՝ «երեխուցս ի՞նչ նորություն ունես», արձագանքեց՝ «կասեմ, կզանգի քեզ»: Հեռախոսն անջատեցի այն մտքով, որ ինձ ուղղակի հուսադրեց ու անջատեց հեռախոսը»: Մայրիկն ասում է՝ որդու հետ օրը մի քանի անգամ էր խոսում: «Վրեժը նյութապահովման վաշտում էր ծառայում, շատ հանգիստ էր անցնում ծառայությունը: Երբ սեպտեմբերի 23-ին զրուցում էինք, ասաց՝ մա՛մ, խառը վիճակ է, անընդհատ տագնապ են տալիս: Սեպտեմբերի 26-ին ինձ չէր զանգել: Ժամը 12-ից հետո զանգում էի, Վրեժն անջատում էր, այդպես մի քանի անգամ, մինչև վերջապես խոսեցինք: Ասաց՝ «մե՛րս, հոգնած եմ, քնեմ, առավոտյան կզանգեմ»: Մինչ օրս սպասում եմ իր զանգին»: Վրեժը զոհվել է սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը ԱԹՍ-ի հարվածից: Նա շուտ է տուն «վերադարձել»:

«Այդ երեկոյան բոլոր հնարավոր համարներով զանգելուց, բոլոր հնարավոր կայքերում ինչ-որ նորություն փնտրելուց հետո աչքովս ընկնում են զոհված տղաների անուն-ազգանունները: Ամենավերջում իմ Վրեժի անունն էր գրված: Բայց եղբայրս արդեն գիտեր, որ Վրեժը զոհվել է»: Հաջորդ օրն ընտանիքի անդամները հաստատել են Վրեժի ինքնությունը, բայց մայրիկը չի կարողացել վերջին անգամ «տեսնել» որդուն: Վրեժի ֆիզիկական բացակայության պայմաններում կյանքը շարունակելու ուժ մայրիկին նրա կրտսեր որդին է տալիս: «Մինչև հիմա Արմանը սպասում է Վրեժի վերադարձին: Եղբոր հետ կապված ամեն դետալ հիշում է: Ու երբեմն էլ զրույցների ժամանակ ասում է՝ գիտեք, որ իմ ախպերն իմ տեղն էլ է ծառայել, բանակ չեմ գնալու: Արմանը կարծում է, թե եղբայրն ԱՄՆ-ում է, հայրիկն ասել է՝ քանի որ ապերդ լավ զինծառայող է եղել, նա հինգ տարի ծառայությունը շարունակելու է այնտեղ: Արմանը սպասում է Վրեժին:

Վստահ եմ, սակայն, որ ամեն ինչ լիարժեքորեն հասկանում է, բայց գուցե վախենում է ընդունել իրականությունը, մերժում նման մտքերը: Ինձ ապրելու ուժ տվեց իմ Արմանը, այն, ինչ չհասցրեց անել Վրեժը, պետք է Արմանն անի: Ինձ հարցնում է, թե ինչո՞ւ մյուս մայրիկների նման մազերս չեմ ներկում, չեմ շպարվում կամ էլ միշտ սև շորեր եմ հագնում, կարծես այս հարցերով փորձում է ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները: Մի օր իր ձեռքը բռնեցի ու միասին գնացինք իմ մազերը ներկելու: Չեք պատկերացնի, թե որքան ուրախացավ Արմանը: Պետք է ապրել, բարդ է շատ տրամադրվելն ինչ-որ բան անելու, ինչ-որ տեղ գնալու, բայց պետք է անել:

Օգոստոսին քրոջս աղջկա նշանդրեքն էր: Նա ու Վրեժս միասին են մեծացել: Մի քանի օր առաջ քույրս եկավ ինձ մոտ՝ ուզում եմ երեխեքը նշանվեն, չգիտեմ, թե ինչ անեմ: Արձագանքեցի՝ միանշանակ պիտի նշանդրեք անես, բայց ես չեմ գա, ինձ ճիշտ հասկացի: Այդ զրույցից հետո երկու գիշեր անընդմեջ Վրեժիս երազումս տեսա՝ այնքան ուրախ էր, ժպտալով ինձ հետ խոսում էր: Առավոտյան զանգեցի քրոջս ու ասացի, որ ներկա եմ գտնվելու իր աղջկա նշանադրությանը: Վրեժս ինձ ասաց, որ չգնալ չեմ կարող»:

Հ. Գ. - Վրեժ Բարսեղյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և զորամասի կողմից՝ «Մարտական հերթապահության համար» մեդալներով: Հուղարկավորված է ԱվանԱռինջի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

 

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը
Ամենադիտված