Նախապատրաստվում է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի այցը Մոսկվա. ՌԴ-ում Պաղեստինի դեսպան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆախապատրաստվում է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի այցը Մոսկվա, հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում Պաղեստինի դեսպան Աբդելհաֆիզ Նոֆալը։
«Մենք ամենօրյա կապեր ենք պահպանում Մոսկվայի հետ, այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում նախագահ Աբասի՝ Մոսկվա այցի համար», - ասել է Նոֆալը՝ Россия-24 հեռուստաալիքի եթերում։
Պատասխանելով Մոսկվայում Պաղեստինի և Իսրայելի առաջնորդների միջև բանակցությունների հնարավորության մասին հարցին՝ դեսպանը նշել է, որ «նման հնարավորություն այլևս չկա»։
«Գոյություն ունեցող Իսրայելի կաբինետով մենք չենք կարող շարունակել նման աշխատանքը։ Մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է միջամտի, մենք կարծում ենք, որ Գազայում տեղի ունեցածը լուրջ ազդանշան է միջազգային հանրությանը՝ քայլեր ձեռնարկելու համար»,- հավելել է Նոֆալը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները մերձավորարևելյան քառյակի հովանու ներքո՝ շահագրգիռ երկրների մասնակցությամբ։