Պայքար հանուն իշխանության, այլ ոչ թե Արցախի ու ՀՀ-ի. գլխավոր գործիքը՝ հակառուսականություն
Հայաստանի կառավարության անհեռատես քաղաքականությունը հիմք դարձավ Արցախի և ՀՀ ներկայիս աղետալի վիճակի համար: Փաշինյանի արկածախնդրությունը բերեց Արցախում այս աղետին, իսկ Հայաստանին կանգնացրեց նոր մարտահրավերների ու սպառնալիքների առջև: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Արման Ղուկասյանը։
«Փաշինյանի կառավարությունը բացահայտորեն թեքվեց դեպի արևմտյան հարթակներ՝ հակամարտությունը կարգավորելու համար։
ԵՄ-ն ստեղծեց մի շարք ձևաչափեր՝ բրյուսելյան, վաշինգտոնյան, ինչը հակամարտության կարգավորման մոտեցումներում հանգեցրեց մեծ բացի: Եթե Արևմուտքը ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնում էր միայն նրանում, որ Արցախն ամբողջությամբ հանձնվի Ադրբեջանին, միայն թե ռուս խաղաղապահները հեռանան այդտեղից, որի հիմքով ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ կգեներացվեն, ապա Մոսկվան պաշտպանում էր հետևյալը՝ կարգավիճակի հարցը թողնվի ապագային, ինչը թույլ կտար հայ բնակչությանը մնալ Ղարաբաղում և խուսափել այսօրվա աղետից: Սակայն Փաշինյանը և իր թիմը գնացին այլ ճանապարհով, որն ակնհայտորեն չէր բխում ՀՀ և ԼՂ շահերից՝ ընտրելով հակամարտության լուծման արևմտյան տարբերակը։ Ապա Պրահայում պաշտոնապես ճանաչեց ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս, և այս քայլով Փաշինյանը ոչ միայն չեզոքացրեց նոյեմբերի 9-ի Եռակողմ պայմանագիրը, այլեւ զգալիորեն թուլացրեց հայկական կողմի դիրքերը հակամարտության կարգավորման գործընթացում՝ ՌԴ-ին թողնելով առանց հնարավորության ինչ-որ կերպ աջակցելու ԼՂ հայերին իրենց պայքարում»,- ասաց Ղուկասյանը։
Փաստացի, շարունակեց նա, Փաշինյանը ԼՂ բնակչության պայքարի նշաձողը կարգավիճակից իջեցրեց մինչև ԼՂ բնակչության անվտանգության մակարդակ:
Զուգահեռ, նշեց նա, հասարակության շրջանում հակառուսական տրամադրությունները սկսեցին արագ թափ հավաքել։ 2020թ. պատերազմից հետո իրավիճակը էլ ավելի սրվեց բազմաթիվ հայ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից՝ հակառուսական հարձակումների առումով. Փաշինյանն ու իր թիմը սկսեցին ՌԴ-ին մեղադրել բոլոր անախորժությունների մեջ, նկատեց քաղաքագետը, մասնավորապես՝ հանդես գալ ընդդեմ ՀԱՊԿ-ի, հրաժարվելով դրանից և ընդունելով ԵՄ քաղաքացիական առաքելությունը։
Եվ մեկ հակառուսական քայլ, ըստ նրա, այսպես կոչված Հռոմի ստատուտի վավերացումն է, որը ենթադրում է ՌԴ նախագահի ձերբակալություն: Հռոմի ստատուտի վավերացումը ՀՀ-ին ոչինչ չի տա, միայն հայ-ռուսական հարաբերությունների խզում. «Դա վտանգավոր արկածախնդրություն է: Ավելին, սա ոչինչ չի տա Ադրբեջանի մասով, քանի որ իշխանությունը ներկայացնում է, թե դա, իբր, պատժի գործիք է։ Հակառակը՝ կկանգնենք նոր մարտահրավերների առջև՝ նոր խնդիրներ ստեղծելով ՌԴ հետ։ Այս արկածախնդիր քաղաքականությունը տանում է դեպի աղետ»,- շեշտեց քաղաքագետը:
Ղուկասյանը վստահ է՝ հակառուսական քաղաքականությունը Փաշինյանի համար գործիք է անձնական իշխանությունը պահելու համար, իսկ այդ ընթացքում տուժում են հայկական շահերը: Այս քաղաքականության պատճառով մենք արդեն կորցրել ենք Արցախը, իսկ ՀՀ-ն կանգնած է լուրջ մարտահրավերների առջև։ Բանախոսը ենթադրեց, որ Փաշինյանը ապավինում է Արևմուտքին, որը վստահեցրել է, թե զիջումներից հետո ճնշում կգործադրեն Բաքվի վրա, սակայն Արևմուտքի անձնական բարեկեցության հարցերն ավելի կարևոր են, Արևմուտքը սկսել է ստանալ ադրբեջանական գազ և արդյունքում Փաշինյանն ու հայկական շահերը մնացին օդում:
«ՌԴ ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները հեռացել են Եռակողմ հայտարարությունից և ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս՝ հասկացնելով, որ ամեն ինչում մեղավոր է հենց հայկական կողմը։ Իրադարձությունների հետագա զարգացումները կախված են այն քաղաքականությունից, որը վարելու են ՀՀ իշխանությունները, սակայն ընտրված ուղղությունը ակնհայտորեն չի տանում այնտեղ, որտեղ կան հայկական շահեր»,- ընդգծեց նա։
Նույն կոնտեքստում պետք է ֆիտարկել նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու խոսակցությունները. Հայաստանը ՆԱՏՕ-ից կամ անվտանգության այլ համակարգերից հստակ առաջարկներ չի ստացել, հետևապես, ասաց քաղաքագետը, որքան էլ ՀԱՊԿ-ը ամենաիդեալական կազմակերպությունը չէ, բայց եթե Երևանը գնա նման անհեռատես քայլի, ապա Հայաստանը կմնա առանց անվտանգության նոր համակարգ ձեռք բերելու՝ իր բոլոր բացասական հետևանքներով, հաշվի առնելով, թե ինչպիսի տարածաշրջանում ենք մենք: