Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դարանակալած տղամարդը կացնահարել է նախկին կնոջն ու նրա ծնողներին՝ սպանելով զոքանչին

ԻՐԱՎՈՒՆՔ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ սկսվեց Վլադիկ Մարտիրոսյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հուլիսի 8-ին, ժամը 13-ի սահմաններում   Շենգավիթ վարչական շրջանում՝ Տարոնցի 7 հասցեի շենքի բակում Վլադիկ Մարտիրոսյանը իր մանկահասակ՝ 2015 թվականի հոկտեմբերին ծնված որդուն տեսակցելու հարցի շուրջ հերթական անգամ վիճաբանել է նախկին կնոջ ու նրա ծնողների հետ:

Երբ նախկին կինը՝ Թագուհին, ու նրա մայրը՝ Կարինեն, վիճաբանությունից հետո գնացել են ոստիկանության Շենգավիթի բաժին, համոզված լինելով, որ նրանք վերադառնալու են տուն, իր երեխայի հետ տեսակցելն արգելելու պատճառով նրանցից վրեժխնդիր լինելու շարժառիթով Վլադիկ Մարտիրոսյանն իր հետ նախապես վերցրած կացնով դարանակալել է հիշյալ շենքի շքամուտքում:

Նույն օրը, ժամը 16-ն անց  30-ի սահմաններում Թագուհին ու Կարինեն մտել են շքամուտք ու շարժվել են դեպի առաջին հարկում գտնվող իրենց բնակարանը: Հանկարծ հետևից նրանց վրա է հարձակվել դարանակալած Վլադիկը՝ կացինը ձեռքին:

1-ին բնակարանի դիմաց՝ աստիճանահարթակին, 30-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը նախ կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նախկին կնոջ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ծանր վնասվածքներ:

Ապա նույն կացնով Վլադիկը բազմաթիվ հարվածներ է հասցրել դեպի երկրորդ հարկ տանող աստիճաններին կանգնած նախկին զոքանչի՝ 58-ամյա Կարինեի գլխին ու մարմնի տարբեր մասերին, պատճառել է կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ և սպանել է նրան:

Այնուհետև Վլադիկը նույն կացնով կյանքից զրկելու՝ հանկարծակի ծագած դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել դստեր գոռոցների վրա տանից դուրս եկած աներոջ՝ Վաչագանի գլխին, ուսին, ձեռքերին՝ պատճառելով ծանր վնասվածքներ, բայց, ըստ մեղադրանքի, իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ Վլադիկն ավարտին չի հասցրել նախկին աներոջը սպանելու հանցավոր դիտավորությունը, քանի որ աղմուկի վրա դուրս է եկել հարևանը, գործուն միջոցներ է ձեռնարկել հանցավոր գործողությունները դադարեցնելու համար՝ նա հետևից փաթաթվել է Վլադիկ Մարտիրոսյանին ու հեռացրել է տուժողներից:

Ըստ մեղադրանքի՝ այս ծանր հանցագործությունից ավելի վաղ՝ 2016 թվականի հունիսի 3-ին, առավոտյան ժամը 10-ն անց 30-ին ԴԱՀԿ ծառայության վարչական շենքում իր երեխային տեսակցելու հարցի շուրջ Վլադիկ Մարտիրոսյանը վիճել է նախկին կնոջ՝ Թագուհու հետ, այդ ընթացքում սպառնացել է, թե կսպանի, կվերացնի նրան, իսկ երեխան 2 տարեկանը չի բոլորի: Թագուհին նախկին ամուսնու կողմից այդ սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ է զգացել:

Վլադիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության, սպանության փորձի ու սպանության սպառնալիքներ տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104 հոդվածի 1-ին և 137 հոդվածի 1-ին մասերով:

Դատարանը հանրային պաշտպան Լիանա Գասպարյանին ներգրավեց որպես ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանի շահերի պաշտպան:

Վերջինս միջնորդեց իրեն տրամադրել քրեական գործի նյութերը և ժամանակ տալ՝ այդ նյութերին ծանոթանալու համար:

Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը:

Տուժող կողմի՝ Թագուհի և Վաչագան Մանսուրյանների ներկայացուցիչն է փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

Նախագահող դատավոր Դավիթ Բալայանը մեկ անգամ արդեն այս ընտանիքի վերաբերյալ գործ քննել է, այն ժամանակ ամբաստանյալի աթոռին նստած էր ներկայումս հանգուցյալ Կարինե Մանսուրյանը, ով մեղադրվում էր նախկին փեսայի՝ իր ապագա սպանողի նկատմամբ բռնություն գործադրելու համար… Վլադիկ Մարտիրոսյանն այն ժամանակ տուժողի կարգավիճակ ուներ…

Ժամանակային առումով ավելի հետ գնանք ու կացնահարությամբ, արյունահողությամբ ու սպանությամբ ավարտված կոնֆլիկտի հասունացմանը հետևենք:

Մոտ երկու տարի այս մարդիկ գտնվում էին բավական լարված հարաբերությունների մեջ, նրանց վերաբերյալ կայացվել են մի շարք դատական ակտեր:

Առաջին երկու դատական ակտերը կայացվել են Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, 2016 թվականի հունվարի 27-ին:

Այս գործով ամբաստանյալները երկուսն էին՝ 30-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը և նրա նախկին կինը՝ 37-ամյա Թագուհին:

Գործը հարուցվել էր 2015 թվականի փետրվարի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով՝ ծեծ և բռնություն:

Քննիչի՝ 2015 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ Վլադիկ Մարտիրոսյանի կողմից նախկին զոքանչի բնակարանի դուռը վնասելու և 7 հազար դրամի գույքային վնաս պատճառելու համար Վլադիկ Մարտիրոսյանի նկատմամբ  ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չի իրականացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Անհայտ անձի կողմից հիմա արդեն հանգուցյալ Կարինե  Մանսուրյանին պատկանող ավտոմեքենայի ապակին կոտրելու և 29 հազար դրամի գույքային վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չի իրականացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Վլադիկ Մարտիրոսյանի կողմից նախկին աներոջը՝ Վաչագան Մանսուրյանին մեկ անգամ հարվածելու համար Վլադիկ Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Նախաքննության մարմինը Վլադիկ Մարտիրոսյանին  մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասով՝ իր նախկին կնոջ նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելու, նրան խոշտանգելու, դիտավորությամբ ֆիզիկական ու հոգեկան ուժեղ ցավ և տառապանք պատճառելու համար:

Ըստ մեղադրանքի՝  2015 թվականի փետրվարի 7-ից մինչև 2015 թվականի ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Վլադիկ Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը:

Մասնավորապես՝ 2015 թվականի փետրվարի 7-ին, ժամը 16-ի սահմաններում Երևան քաղաքի Ներքին Շենգավիթում գտնվող տանը զոքանչի՝ Կարինե Մանսուրյանի կողմից իր հասցեին վիրավորական արտահայտություններ անելու հարցի շուրջ Վլադիկը վիճաբանել է կնոջ՝ Թագուհու հետ, ձեռքերով հարվածներ է հասցրել Թագուհու մարմնի տարբեր մասերին ու վերջինիս առողջությանը պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Այս նույն վիճաբանության ժամանակ Թագուհի Մանսուրյանն իր հերթին, ըստ նախաքննական մարմնի, խոհանոցային դանակով ու ձեռքերով հարվածներ էր հասցրել ամուսնուն՝ Վլադիկ Մարտիրոսյանին, նրա առողջությանը՝ նախաբազկի քերծվածքների, արյունազեղումների, կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի ծակած-կտրած վերքի ձևով պատճառել էր առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Թագուհի Մանսուրյանին այս արարքի համար մեղադրանք էր առաջադրվել   ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանը դիմում էր ներկայացրել դատարանին՝ հայտնելով, թե հաշտվել է նախկին կնոջ՝ Թագուհի Մանսուրյանի հետ, զղջում է կատարվածի համար, հաշտությունը կամավոր է, ինքը Թագուհու դեմ բողոք չունի ու չի ցանկանում, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության:

Մեղադրող Տ. Հակոբյանն առարկել է, նա պնդել է, որ կողմերի միջև կայացած հաշտությունը ռեալ չէ, ուստի հնարավոր չէ նշված հիմքով քրեական գործի վարույթը կարճել կամ քրեական հետապնդումը դադարեցնել: Բացի այդ, Թագուհի Մանսուրյանը, որպես տուժող, շարունակում է բողոքել Վլադիկ Մարտիրոսյանի դեմ, ինչն էլ փաստում է այն հանգամանքը, որ հաշտությունը կրում է ձևական բնույթ:

Թագուհի Մանսուրյանը, ըստ մեղադրողի, դատարանում զղջացել է կատարածի համար՝ զուտ քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով:

Դատարանը, հիմք ընդունելով կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը, դադարեցրել է Թագուհի Մանսուրյանի քրեական հետապնդումը, դատական քննության հետագա ընթացքում Թագուհին մնացել է միայն տուժողի կարգավիճակով:

Իսկ Վլադիկ Մարտիրոսյանին մեղսագրված՝ նախկին կնոջը խոշտանգելու մեղադրանքի մեջ, բացի վերոհիշյալ դրվագից,  ներառված էին ևս մի քանի դրվագներ:

Դատական ակտում արձանագրված է, որ Վլադիկ Մարտիրոսյանն  ու Թագուհի Մանսուրյանը 2014 թվականի փետրվարից վարել են համատեղ ամուսնական կյանք, որի ընթացքում ունեցել են մեկ երեխա: «Սկզբնական շրջանում նրանց հարաբերությունները եղել են նորմալ, սակայն հետագայում տարաբնույթ կենցաղային հարցերի շուրջ ծագել են վիճաբանություններ, նրանք ամուսնալուծվել են…»:

Դատարանը նշել է, որ ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանը նախկինում դատված չի եղել, վատառողջ է՝ բրոնխիտ ունի՝ սրացման շրջանում, լիմֆոստազ՝ երկու կողմից, նևրոսթենիա՝ խառը տիպի: Դատական ակտում ամրագրված է, որ Վլադիկ Մարտիրոսյանն  այս հիվանդությունները ձեռք է բերել զինվորական ծառայության ընթացքում ու հանդիսանում է 3-րդ խմբի հաշմանդամ:

Ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում: Նա հայտնել է, թե ինքը կնոջ հետ վիճել է՝ նրա մոր կողմից իրենց հարազատների շրջանում իր հասցեին չարախոսելու պատճառով: Թագուհին պնդել է, թե նման բան չի եղել:

Դատական վիճաբանությունների փուլում Վլադիկ Մարտիրոսյանն իրեն մեղավոր է ճանաչել,  զղջացել է նախկին կնոջ նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելու համար, ասել է, թե իրենք հաշտվել են:

Դատարանը եզրակացրել է, որ Վլադիկ Մարտիրոսյանն իր նախկին կնոջ նկատմամբ խոշտանգում կատարել է՝ պարբերաբար նրա նկատմամբ բռնություն է գործադրել, նրան պատճառել է ուժեղ ցավ ու հոգեկան տառապանք:

Նկատի է առնվել, որ Վլադիկ Մարտիրոսյանն առաջին անգամ է դատվում, վատառողջ է՝ հաշմանդամության կարգ ունեցող, զղջացել է կատարածի համար:

Վլադիկ Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 6 ամիս ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ այն գնահատելով որպես օրինական ու հիմնավոր:

Այսպիսով, 2016 թվականի հուլիսի 8-ին կատարած ծանր հանցագործության պահին Վլադիկ Մարտիրոսյանը գտնվում էր փորձաշրջանի մեջ…

Նախկին ամուսինների հակամարտության շուրջ ծավալվող գործողությունների վերաբերյալ ևս մեկ քրեական գործ էր հարուցվել, որտեղ մեղադրյալը ներկայումս հանգուցյալ Կարինե Մանսուրյանն էր:

Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել 2015 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով՝ ծեծ և բռնություն: Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի օգոստոսի 8-ին, ժամը 22-ն անց 15 րոպեին Կարինե Մանսուրյանը Ս. Տարոնցի փողոցի 7-րդ շենքի դիմաց երեխային տեսակցելու եկած Վլադիկ Մարտիրոսյանի հետ վիճաբանության ընթացքում գետնից քար է վերցրել ու հարվածել է նախկին փեսայի պարանոցին ու աջ բազկի շրջաններին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Հենց այդ քրեական գործն էր, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր Դավիթ Բալայանի նախագահությամբ:

2016 թվականի մարտի 11-ի դատական նիստում տուժող Վլադիկ Մարտիրոսյանը հայտնել է, թե ինքը հաշտվել է ամբաստանյալ Կարինե Մանսուրյանի հետ ու չի ցանկանում, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության, խնդրում է նրա նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել:

Ամբաստանյալը նույնպես հայտնել է, որ իրենք հաշտվել են:

Քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան՝ տուժողի բողոքի հիման վրա, իսկ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում գործերը ենթակա են կարճման, ապա դատարանը որոշել է Կարինե Մանսուրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով քրեական գործի վարույթը կարճել, քրեական հետապնդումը դադարեցնել:

Դատարանի որոշումը չի բողոքարկվել և մտել է ուժի մեջ 2016 թվականի ապրիլի 13-ին:

Փաստորեն, վերջին «հաշտեցումը» կողմերի միջև ուժի մեջ է մտել կացնահարումից…երեք ամիս առաջ՝ ապրիլի 13-ին:

Սակայն իրական հաշտեցում այդպես էլ  տեղի չի ունեցել, կողմերը շարունակել են անհաշտությունը, յուրաքանչյուրը մնացել է իր դիրքորոշմանը:

Ի վերջո, կատարվել է ամենաարյունալի հանցագործություններից մեկը՝ Վլադիկ Մարտիրոսյանի կողմից կացնահարվել են միանգամից երեք հոգի, մեկը տեղում մահացել է… Եվ Մարտիրոսյանը երեք մարդու կացնահարել է փորձաշրջանում գտնվելու ժամանակամիջոցը նոր-նոր սկսված…

Այս ընտանիքի հետ կապված՝ քննվել է նաև քաղաքացիական գործ՝ հոր կողմից երեխային տեսակցելու ժամանակացույց սահմանելու վերաբերյալ…

 
 
Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան
Ամենադիտված