Ադրբեջանցիները բլոկ-պոստեր են տեղակայել շրջաններից Ստեփանակերտ եկող ճանապարհին․ պատգամավոր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
Ադրբեջանցիները երեկվանից դիրքավորվել են Ստեփանակերտի անմիջապես մատույցներում, ինչպես նաև` բլոկ-պոստեր են տեղակայել շրջաններից Ստեփանակերտ եկող ճանապարհին:
Տարբեր բնակավայրերի և նրա բնակիչների հետ կապված հակասական տեղեկություններ կան, շատերի հետ կապ հաստատելու հնարավորություն դեռևս չկա:
Ճիշտ է` Արցախի ոստիկանությունը ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո, ուժեղացված ծառայություն է իրականացնում Ստեփանակերտի տարբեր թաղամասերում, սակայն լարվածությունը բնականաբար պահպանվում է:
Այսօր ռուսական կողմի միջնորդությամբ ու մասնակցությամբ բանակցություններ են լինելու ադրբեջանցիների հետ, որի ժամանակ սպասվում է դետալային քննարկում Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ:
Անկեղծ ասած, ստեղծված իրավիճակում արցախցիների մոտ առանձնապես լավատեսական սպասումներ չկան, սակայն մեծ թվով հարցերի պատասխաններ ակնկալվում է ստանալ այս քննարկումից:
Գլխավոր հարցերից մեկը` ի՞նչ է սպասվում Արցախին ու այնտեղ ապրող մեր հայրենակիցներին:
Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ արդեն պարզ է, բայց ինչպես ասում են` «սատանան մանրուքներում է» և այսօրվա բանակցությունները հստակություն կմտցնեն ասելիքի ու անելիքի առումով: