Ընդդիմությունը ստեղծում է Ազգային կոմիտե՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով. ԱԺ-ում կմեկնարկի իմպիչմենտի գործընթաց
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը այսօր հանրահավաքին հայտարարեց, որ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ հանդիպել են, քննարկել ստեղծված իրավիճակի ճանապարհային քարտեզը։
Ըստ նրա՝ որոշվել է ժողովրդական շարժումը, պայքարը գլխավորելու և առաջնորդելու համար ստեղծել մարմին, որը կկոչվի Ազգային կոմիտե։ «Ազգային կոմիտեն էլ պատասխանատվություն կկրի ամեն ինչի համար», - ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ մշակել են գործողությունների ծրագիրը, որի վերջնարդյունքը «չարիքի կառավարության հեռացումն է»։
ՀՅԴ ԳՄ անդամը հայտարարեց, որ զուգահեռ խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ-ում իմպիչմենտ սկսելու գործընթաց կնախաձեռնի։
«Ծրագիրը, պատկերցումները փոխանցելու ենք նոր ստեղծվող Ազգային կոմիտեին, որը կարճ ժամանակ հետո ներկայացնելու է քայլերի ու գործողությունների ծրագիր», - հայտարարեց նա։