Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ ախպերներ են գնում ու հետ չեն գալիս». հրետանավոր Սիմոն Արթենյանը անմահացել է Ջրականում ԱԹՍ-ի հարվածից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բնավորությամբ շատ հանգիստ էր Սիմոնը: Եթե անգամ ինչ-որ հարցում լարվեինք, անհանգստանայինք, ասում էր՝ մա՛մ, ամեն ինչ լավ է լինելու: Մանկուց էր այդպիսին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սիմոնի մայրիկը՝ տիկին Անուշը:

Սիմոնը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից է, այնտեղ է անցել նրա մանկությունը, գյուղի դպրոցն է հաճախել: «2016 թ.-ին տեղափոխվեցինք Ռուսաստան, ամուսինս այնտեղ էր աշխատում, մենք էլ գնում-գալիս էինք, որոշեցինք վերջնական մնալ: Սիմոնը պետք է գրանցվեր, որ տասներորդ դասարան հաճախեր, բայց հրաժարվեց՝ մամա՛, չեմ գնալու և վերջ: Ես գնում եմ Հայաստան, որ Նարեկի ու Անդրանիկի հետ շարունակեմ ուսումս: Մանկությունից միասին էին երեքով, մանկապարտեզ չգնացին երեքով, դպրոցի առաջին դասարանից մինչև տասներկուերորդ դասարանը միասին են եղել: Հիմա էլ երկնքում են միասին»,-նշում է զրուցակիցս: Դպրոցում մաթեմատիկայի և հայոց լեզվի հանդեպ մեծ սեր ուներ:

«Նաև կազմակերպչական հարցերում էր միշտ մասնակցում, անկախ նրանից՝ իրենց դասարանը մասնակցում էր միջոցառմանը, թե ոչ: Բարձր դասարաններում ամեն հարցում երեքով պետք է մասնակից լինեին: Երեքով հետո նաև պարապում էին՝ մաթեմատիկա և հայոց լեզու: Սիմոնն ընդունվեց Ազգային պոլիտեխնիկական համալսարան: Իր ցանկացած՝ Ծրագրավորում բաժնի փոխարեն ընդունվեց մեքենաշինարարական բաժինը, բալերը շատ քիչ չբավականացրին: Ես էի նեղվում, ասում էր՝ մա՛մ ջան, ծառայությունից կվերադառնամ, նորից քննություններ կհանձնեմ, գուցե բուհը կամ էլ բաժինը փոխեմ»: Սիմոնն ուսանող լինել չի հասցրել, արդեն բանակում է եղել, երբ իմացել է, որ բուհ է ընդունվել: Սիմոնը երեք տարի պետք է ուշ մեկներ ծառայության, քանի որ շնչառության հետ կապված խնդիրներ ուներ, սակայն ընկերներից «հետ չմնալու» համար դիմում է գրում, որ իրեն ևս զորակոչեն: Դիմումը չեն մերժում: Սիմոնը զորակոչվում է ժամկետային զինծառայության 2019 թ. հուլիսի 15-ին, ծառայությունն անցնում էր Դիլիջանում:

«Շատ լավ էր տրամադրված, կարող էր մնալ Ռուսաստանում, բայց վերադարձավ ծառայության մեկնելու համար: Շատ գոհ էր ընթացքից, ասում էր՝ ծառայություն չի, այլ սանատորիա: Երդմնակալության արարողության օրը գնացինք իր մոտ, շնորհակալագիր տվեցին, որոշ ժամանակ հետո նորից շնորհակալագիր ուղարկեցին, հրամանատարությունը շատ գոհ էր իր ծառայությունից: Հրետանավոր էր, շատ լավ էր հաշվարկներ անում: Պատերազմի սկսվելուց մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 17-ին, զանգեց՝ մա՛մ, տղուդ շնորհակալագիր են տվել, լավ հաշվարկ կատարելու և կրակելու համար: Դե մաթեմատիկայից շատ լավ էր: Այդպիսով՝ նա առաջին հաշվարկի նշանառուն էր: Սեպտեմբերի 20-ին պետք է տուն գար, քթի վիրահատության համար թույլտվություն էինք ստացել, բայց որոշեց Նոր տարուն գալ, ուզում էր այդ օրերին տանը լինել»: Իսկ հետո սկսվեց պատերազմը:

«Ասում էի՝ Սի՛մ, քեզ հենց տանեն Ղարաբաղ, ինձ կասես, բայց չասաց: Միայն քույրիկին էր հոկտեմբերի 6-ին գրել՝ Արմինե՛, ամեն ինչ լավ է լինելու, մամային չասես, բայց մենք գնում ենք Ղարաբաղ: Հոկտեմբերի 7-ին զանգեց՝ մա՛մ ջան, ամեն ինչ լավ է, մեզ բերել են Իջևան, կարող է կապ չլինի»: Սիմոնը հայտնվում է պատերազմի ամենաթեժ կետերից մեկում՝ Ջրականում: «Անգամ ասել են՝ եթե ինչ-որ հատվածում բարեկամ կամ ընկեր ունեք, կարող եք ինքնակամ ընտրել և այդտեղ ձեզ կուղարկեն: Սիմոնն ասում է՝ ախպերներիս՝ Նարեկի ու Վահրամի մոտ եմ գնում: Վահրամն այս պատերազմում վիրավորվեց, մի կերպ փրկվեց, շատ լավ երեխա է»: Հոկտեմբերի 13-ի լուսադեմին Ջրականում նահանջի ժամանակ Սիմոնը զոհվում է ԱԹՍ-ի հարվածից: Նրա ընկերը՝ Նարեկը, Սիմոնից օրեր առաջ է զոհվել:

«Սեպտեմբերի 27-ից Նարեկից լուր չկար, Սիմոնս զանգում էր ընկերոջ մայրիկին, ասում՝ ամեն ինչ լավ է Նարեկի հետ, չնեղվես, Ռուզա՛ն տոտա: Հետո ինձ էր զանգում՝ մա՛մ, Ռուզան տոտաս որ զանգի, դու էլ կասես, որ ամեն ինչ լավ է: Մենք մի տան նման էինք: Հետո Նարեկից ընտանիքը լուր ստացավ, որ շրջափակման մեջ են եղել, փրկվել են, բայց ճանապարհները չեն գտնում: Իսկ հետո Նարեկս էլ զոհվեց: Լուրը Սիմոնին հասել էր»: Սիմոնը շուտ է «վերադառնում» տուն՝ հոկտեմբերի 17-ին: «Ես տեսել եմ իմ բալին, մարմնի ամեն հատվածը նայել, ինձ համար դա կարևոր էր: Գյուղից 10 զոհ ունեինք, երեխեքին բերում էին, բոլորին «փակ» էին հուղարկավորում: Իսկ Նարեկիս միայն հաջորդ տարի բերեցին, հենց իր ծննդյան օրն էլ իր հուղարկավորությունն էր: Երեքն էլ իմն են, բոլոր նկարներում միասին են, ոչ մի վայրկյան չես կարողանում չմտածել, չնեղսրտել»: Սիմոնը երկու քույրերի կրտսեր եղբայրն է:

«Աղջիկներիցս մեկը երկու երեխա ունի, ավաղ, փոքրին Սիմոնս չտեսավ, միայն իմացավ, որ քույրիկը նորից բալիկ է ունենալու: Մյուս քույրիկը ևս իր ընտանիքը կազմեց: Չնայած առանց հատուկ արարողությունների, բայց աղջկաս հարսի շորով ճանապարհեցի, քանի որ դա Սիմիս երազանքն էր, միշտ ասում էր՝ քույրիկներս հարսի շորով պիտի տանից դուրս գան: Շատ էր սիրում քույրիկներին: Քույրիկների հենարանն էր, նրանք էլ այնքան շատ են սիրում Սիմոնին»: Իսկ հիմա «կյանքը շարունակվում է» արտահայտությունը չի գործում տիկին Անուշի դեպքում: «Իմ համար կյանքը կանգ է առել: Շարժող ուժ չկա, երբեմն ասում են, չէ՞, երեխաների համար ապրեք, սուտ է, չես կարողանում: Ճիշտ է, թոռնիկներս գալիս են մեր տուն, լցնում իրենց ձայներով, բայց պահ է լինում, որ ուզում եմ մենակ մնալ, որ կողքիս որևէ մեկը չլինի, պահ է լինում, որ ուզում եմ կողքիս լինեն, զանգահարում եմ, և երկու աղջիկս էլ գալիս են: Ստացվում է, որ ուղղակի ապրում ենք:

Ամեն վայրկյան խոսում եմ Սիմիս հետ, անընդհատ իր մոտ եմ գնում: Երբ իր մոտից վերադառնում եմ, կարծես սպառված լինեմ, ոչ թե հանգստանամ: Ցավն ամեն վայրկյան ինձ հետ է: Մեկ-մեկ էլ մեղադրում եմ ինձ, թե ինչու չգնացի իր հետևից, ինչու հետ չբերեցի: Երբ զրուցում էինք, միշտ ասում էր՝ եթե մեկ օրվա ծառայող էլ լինեի, գնալու էի պատերազմ: Զարմանում էի, որովհետև իրեն մի կաթիլ արյունն անգամ տհաճություն էր պատճառում, բայց ինչեր էր հասցրել իմ տղան տեսնել պատերազմի օրերին՝ «մա՛մ, գիտես, թե ինչ ախպերներ են գնում ու հետ չեն գալիս»: Հետո իմացա, որ իր զորամասից այնքան լուսավոր տղաներ էին զոհվել: Էլի հայրենիքի համար զոհվեցին, բայց հիմա որ տեսնում ես, թե Ղարաբաղի ու Հայաստանի հետ ինչ են անում, ասում ես՝ բա մեր երեխեքն ինչի՞ համար զոհվեցին: Գոնե ամեն ինչ լավ լիներ, մեր երեխաների արյունն է այդ հողի վրա, գոնե դրանք չկորցնեինք: Ճիշտ է, համարժեք բան չէ, բայց այս վերքի ցավն էլ ուրիշ կլիներ: Մեղավորների պատիժը պիտի բոլոր մայրերը տեսնեն»:

Հ. Գ. - Հրետանավոր Սիմոն Արթենյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորվել է հայրենի Մրգաշատ գյուղի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 
 
 
 
 
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնկախ դիտորդը մեղադրում է Սպիտակի ղեկավարին լիազորությունները քաղաքական նպատակներով օգտագործելու մեջԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԵվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցելՆավթը կտրուկ էժանանում է. Brent տեսակի նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց 110 դոլարիցԽոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնումՀայաստանում միջին աշխատավարձն աճել է 5,6%-ով՝ հասնելով 312 հազար դրամի․ ՖիննախՂազախստանում ձերբակալվել է էքuտրեմիստական խումբ ստեղծելու մեջ կասկածվող 10 անձՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող Գ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՖինլանդիան սկսում է իրականացնել միջուկային զսպման նախաձեռնությունըՆրանք ոչնչի չեն կարողանա հասնել․ Իրանը նախագահը սպառնալիքների մասինՌուսաստանը պաշտոնապես դուրս է գալիս Եվրոպայի խորհրդի Խnշտանգումների դեմ կոնվենցիայից2026 թվականին կենսաթոշակների բարձրացումը հիմնավորվել է բյուջետային եկամուտների աճով և պահուստների օգտագործմամբ. նախարարԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԱրմավիրում 24 ժամ ջուր չի լինիԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. ԶախարովաԱրթուր Ալեքսանյանն ամուսնանում էԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա ԳրիգորյանԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումՆրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասինՌԴ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ստացել միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը. ՊեսկովՃամբարակում կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանովԾանոթ ու միարժամանակ անհայտ … Բավարական իլյումինատներԱՄՆ-ն և Իսրայելը ծրագրում են ավելի կործանարար հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո․ FTԹեհրանի հետ զինադադարը «ժամանակի կորուստ» էր․ Թրամփ«Փաշինյանը ռազմավարական նշանակություն ունեցող ակտիվ է նվիրել Ադրբեջանին»Եթե ցանկանում եք, որ Ուկրաինան չhարվածի ՌԴ նավթավերամշակման գործարաններին, ապա ՌԴ-ն չպետք է hարվածի մեր էներգետիկ համակարգին. Զելենսկի«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը չվերթերի իրականացման ժամային սահմանափակումներ կգործենՊաշտոնատար անձը քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար ստացել է 2,000 դոլար կաշառք. ՀԿԿՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանՆոյեմբերին կհրապարակենք նոր Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՈրոշվել է երեք ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու
Ամենադիտված