Հայկական կողմը երեկ ստացել է ադրբեջանական կողմի նոր առաջարկները. Միրզոյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայկական կողմը երեկ ստացել է ադրբեջանական կողմի նոր առաջարկները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Գործընթաց եւ քննարկում կա: Այս ընթացքում, իհարկե, առերես բանակցություններ չեն եղել հունիսից հետո: Էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռեւս բավականին հեռու են միմյանցից»,- նշեց Միրզոյանը:
ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին՝ արդյո՞ք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով նոր հանդիպում սպասվում է, Միրզոյանը պատասխանեց.
«Հանդիպումների եւ բանակցությունների առաջարկ հիմնականում արդեն գոյություն ունեցող պլատֆորմներով գրեթե մշտապես կա: Չեմ կարող հերքել, որ այդպիսի նախանշված կամ նախնական պայմանավորվածություններ եւս կան: Վերջին անգամ վարչապետի մասնակցությամբ բրյուսելյան հանդիպումից հետո եւս հայտարարվեց, որ նախատեսվում է կրկին առաջնորդների մասնակցությամբ հանդիպում, նաեւ նույնը եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում: Նախնական պայմանավորվածություն կար նախարարների մակարդակով հանդիպումների եւ բանակցությունների շարունակականության մասին: Այս պահին որեւէ կոնկրետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա, կան նախնական համաձայնություններ եւ քննարկումներ»: