Հայաստանում աճում է ՌԴ-ին վարկաբեկելու օրակարգ ունեցող արևմտամետ լրատվական կառույցների թիվը․ Զախարովա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Հայաստանի՝ ռուս պաշտոնյաների մուտքը թույլ չտալը վնասում է փոխգործակցությանը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Զախարովան նաև հայտարարել է Հայաստանում արևմտամետ լրատվամիջոցների ավելացման մասին՝ Ռուսաստանի Դաշնությունը վարկաբեկելու օրակարգով․
«Հայաստանում աճում է Ռուսաստանի Դաշնությունը վարկաբեկելու օրակարգ ունեցող, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա «ցեխ շպրտելու» արևմտամետ լրատվական կառույցների թիվը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանի տեղեկատվական դաշտում գերակշռում է Ռուսաստանի մասին միակողմանի տեղեկատվության լուսաբանումը։
«Կարծում եմ, որ ոչ ձեզ, ոչ մեզ չի կարող բավարարել Հայաստանի տեղեկատվական տարածքում վերջերս տիրող հստակ միտումը Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների մասին միակողմանի, բացասական և հաճախ պարզապես իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածման ուղղությամբ: Սա, իհարկե, հակասում է երկու ժողովուրդների շփման ավանդական բարեկամական բնույթին»,- ընդգծել է դիվանագետը։