«Հայաստան» խմբակցությունն Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստի առթիվ նամակ է հղել Կարմիր Խաչին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱԺ «Հայաստան» խմբակցությունն ադրբեջանցիների կողմից արցախցի Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստի առթիվ նամակ է հղել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, ինչպես նաև ՀՀ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովներին և միջազգային խորհրդարանական կազմակերպություններին։
Խմբակցության անունից ուղղված նամակում, դատապարտելով միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումը և մարդկության հիմնարար սկզբունքների բացահայտ անտեսումը, նշվում է, որ նման արարքը ոչ միայն ոտնահարում է անմեղ մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, այլև՝ խաթարում է Միջազգային Կարմիր Խաչի կողմից մարդասիրական գործողություններին օժանդակելու գործում ներդրված ջանքերին։ Ակնհայտ է, որ այս արարքն ուղղված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության շրջանում հուսահատություն տարածմանը, այլև՝ Կարմիր Խաչի համբավն արատավորելուն և կարևոր մարդասիրական առաքելության իրականացման խոչընդոտմանը։
Խմբակցությունը կոչ է անում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Վագիֆ Խաչատրյանի անվտանգ և արագ վերադարձն իր ընտանիք և պատասխանատվության ենթարկել նրա առևանգման պատասխանատուներին՝ համաձայն միջազգային իրավունքի։
«Հայաստան» խմբակցությունը նաև հորդորում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին բազմապատկել իր ջանքերը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումը և տարածաշրջանում մարդասիրական իրավունքի ոտնահարման դեպքերը։