Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնյանին եւ ներկայացրել Հվ. Կովկասում տիրող անվտանգային իրավիճակը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ Գերմանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակը եւ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը:
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Ադրբեջանի կողից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված անվտանգային եւ հումանիտար խնդիրներին, ընդգծել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումներով ամրագրված` Լաչինի միջանցքի բացման հրամայականը:
ԱԺ փոխնախագահը ներկայացրել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաեւ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: