Թուրքիան Իսրայելից պահանջում է անհապաղ դադարեցնել «հակաահաբեկչական գործողությունը» Ջենինում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի իշխանությունները Հորդանանի հետ միասին կաշխատեն կայունացնել իրավիճակը Հորդանան գետի արեւմտյան ափում, որտեղ Իսրայելը հակաահաբեկչական գործողություն է սկսել, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ Անկարան Թել Ավիվից պահանջում է անհապաղ դադարեցնել բռնությունները տարածաշրջանում։
«Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի գործողությունները պաղեստինցի խաղաղ բնակիչների նկատմամբ։ Հորդանանի հետ միասին մենք ջանքեր կգործադրենք տարածաշրջանում հանգստություն ապահովելու համար»,- ասել է Ֆիդանը։
Իսրայելը հուլիսի 3-ի գիշերը հայտարարեց Հորդանան գետի արեւմտյան ափում գործողություն սկսելու մասին։ Թել Ավիվի թիրախը Ջենին քաղաքն ու փախստականների համանուն ճամբարն էր։ Պաղեստինի իշխանությունների տվյալներով՝ իսրայելական գործողության արդյունքում արդեն ավելի քան 100 մարդ է վիրավորվել։ Պաղեստինյան կողմը հայտարարել է Թել Ավիվի հետ բոլոր շփումների դադարեցման մասին՝ հրեական պետության գործողությունների ֆոնին։