Արցախի նախագահն օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 28-ին օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:
Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ խորհրդակցության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են անցած գիշեր Ադրբեջանի հարձակման զոհ դարձած ՊԲ չորս զինծառայողների հիշատակը:
Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի Հանրապետության և ժողովրդի դեմ շարունակվող ադրբեջանական ագրեսիան և բռնաճնշումները հակասում են խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու՝ միջազգային հանրության կոչերին և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին և չեն կարող նպաստել տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը:
Նախագահն ընդգծել է Արցախի մշտական պատրաստակամությունը խաղաղ կերպով լուծելու առկա հիմնախնդիրները և զերծ մնալու փխրուն իրավիճակի լարումից:
Ադրբեջանի հետ շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին զեկուցումով հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը:
Հանրապետության նախագահը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ՝ նպատակաուղղված Արցախի ժողովրդի անվտանգության ապահովմանը: